«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերի քննարկումային հիմնական թեմաներից մեկն այն է, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջել է անհապաղ իրեն հանձնել «իր 4 գյուղերը»: Խոսքը, այսպես կոչված, «անկլավների», իսկ իրականում Հայաստանի տարածքի այն հատվածների մասին է, որոնք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստ է հանձնել թշնամուն, ինչն անելու համար արդեն տևական ժամանակ է՝ «նախապատրաստական աշխատանքներ» է իրականացնում: Մասնավորապես, համապատասխան «հանձնողական» քարոզչություն են վարում, կարկառուն քպականները նմանօրինակ շեշտադրումներով ելույթներ ու հարցազրույցներ են ունենում: Արմատավորում են հանրային ընկալման տիրույթում, թե՝ «դրանք նրանցն էին», և այսպես շարունակ:

Ի վերջո, դա կատարվում է, ինչպես ասվում է՝ օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ, ականջներին՝ լսելի: Ու ոչ մեկը հարց չի բարձրացնում, որ, ախր, դրանք հայկական տարածքներ են, Հայաստանի հողուջուրն է, եթե անգամ ինչ-որ մի 50 տարի առաջ այս կամ այն բնակավայրում ինչ-որ ադրբեջանական թուրք տվյալ վայրում ապրել՝ ոչխար է արածեցրել: Չէ՞ որ հենց միայն դրանով այդ բուն հայկական հողը չդարձավ «ադրբեջանական»: Թեպետ, այս ինչի մասին ենք խոսում: Հիմա ո՞վ է հիշում, որ Նախիջևանը, որի հետ այդպես անզուսպ ուզում է անպայման Սյունիքի վրայով ու Սյունիքի հաշվին կապ ունենալ Ադրբեջանը, բուն հայոց երկրամաս է, հայկական հողուջուր: Ճի՛շտ է, հայկական բազմահազարամյա պատկանելության մասին վկայող պատմամշակութային հուշարձանները այնտեղ ադրբեջանական իշխանությունների կողմից արդեն հիմնովին բնաջինջ են արվել:

Այնպես, ինչպես դա այսօր արվում է Արցախում: Նիկոլ Փաշինյանի մեղքով ու նրա ջանքերով հազարամյակների ընթացքում առաջին անգամ լիովին հայաթափված Արցախում: Հարց. ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Ալիևին էլի տարածքներ խոստացել, ինչո՞ւ է պատրաստվում նորանոր զիջումներ անել: Դա ի՞նչ «փաթեթավորմամբ» են ծախում Հայաստանի հանրության վրա:

Իշխանություն կոչվածի ասածն այն է, թե այդպիսով խուսափում են պատերազմից, թե՝ այդպիսով հասնելու են խաղաղության, թե՝ սահմանազատում և սահմանագծում են անելու: Չի լինելու ոչ մի խաղաղություն նման պայմաններում: Այսպես կոչված՝ «անկլավները» հանձնելուց հետո թշնամին արագորեն ամրանալու է այդ «գյուղերում», դրանք դարձնելու է ռազմականացված ամուր հենակետեր, որտեղից, արդեն էլ ավելի լկտիացած ու ոգևորված, հարձակվելու է շրջակա հայկական բնակավայրերի վրա, գնդակոծելու է հասանելիության գոտում հայտնված փոխադրամիջոցները, հետագայում շարունակելու է այդ պլացդարմներից ինտենսիվ հարձակողական գործողություններ վարել: Ճիշտ այնպես, ինչպես հիմա հարձակվում է Ներքին Հանդի կամ Տեղ գյուղի վրա, ինչպես հիմա թառել է Ջերմուկի ու Վարդենիսի, Կապանի ու Գորիսի, Սիսիանի ու Եղեգնաձորի գլխին:

Թշնամին, չհանդիպելով որևէ դիմադրության, կանգ չի առնելու: Արդեն տևական ժամանակ է, ինչ փոխեփոխ՝ մե՛կ Բաքվից, մե՛կ Անկարայից հայտարարում են «Զանգեզուրի միջանցքի», այն է՝ Սյունիքը զավթելու ցանկության մասին: Հայաստանում, ի դեպ, շատերը, երբ մեկնաբանում են թշնամու այդ անթաքույց մղումների մասին հայտարարությունները, խոսում են այն մասին, որ դա Հայաստանը կկտրի Իրանից, նպատակը դա է, նպատակը թյուրքական աշխարհի չընդհատվող կապ ունենալն է: Սկզբունքորեն՝ այո, ասվածի մեջ սխալ բան չկա:

Բայց հազվադեպ է լինում, որ ուշադրություն դարձվի այն իրողությանը, որ Սյունիքի զավթումը գործնականում նշանակում է Հայաստանի, որպես պետության վերացում, Հայաստանի անկլավացում: Այսինքն, այդ դեպքում արդեն այն, ինչ կմնա Հայաստանից, կդառնա անկլավ, այսպես ասենք՝ ինչ-որ էթնիկ արգելավայր՝ բաց երկնքի տակ: Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է նստած վարչապետի աթոռին, քանի դեռ նրա ՔՊ-ն է իշխանություն, թշնամին շարունակելու է զավթել, գրավել, հոխորտալ, սպառնալ, պահանջել, ստանալ: Այ, մի ադրբեջանական զինվոր էր գերի ընկել, հաջորդ իսկ վայրկյանին վերադարձրեցին՝ անունը դնելով «բարի կամքի դրսևորում»:

Իսկ Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը դա ներկայացնում է որպես հայկական կողմի վախի արտահայտություն, այն է՝ իրենք պահանջեցին, հայերն էլ, վախեցան ու վերադարձրեցին: Հիմա երբեմն-երբեմն փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, չգիտես՝ դերասանաբար, թե իսկապես, նեղսրտում են, թե՝ ադրբեջանական կողմը նոր պահանջներ է առաջ քաշում, նոր պայմաններ է դնում: Կարելի է կարծել, թե իրենք ինչ-որ այլ բան էին ակնկալում: Թե՞ փաշինյանական իշխանության կարկառունները իսկապես մտածում էին, որ կտան Արցախը ու արդեն հանգիստ կապրեն, կվայելեն իրենց պարգևավճարյալ իշխանավարումը...

Ադրբեջանական պահանջները չեն դադարելու, քանի դեռ Ալիևի դիմաց Նիկոլ Փաշինյանն է: Ադրբեջանական պահանջները չեն դադարելու, քանի դեռ Հայաստանը չի պատրաստվում համարժեք վարվել իր թշնամիների հետ, քանի դեռ Հայաստանը, դաշնակիցների թիվն ավելացնելու փոխարեն, զբաղված է իր բնական դաշնակիցների հետ միտումնավոր թշնամանալով: Դա էլ՝ այն բանի համար երևի, որ Թուրքիան ու Ադրբեջանն ավելի քիչ խնդիրներ ունենան: Տվեցի՞ն անկլավները, Բաքուն պահանջելու է տալ նաև չանկլավները: Կամ պահանջելու են կրճատել Հայաստանի բանակը: Պահանջելու են, որ Հայաստանի բանակը միայն ատրճանակներով զինված լինի: Հետո էլի նման բաներ... Սա՛ է Փաշինյանի «խաղաղության օրակարգը»:

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ