MediaHub-ին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել ապրիլի 10-ին կատարված 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու գողության փաստով։
Մասնավորապես, մենք տեղեկացանք, որ այս գործով իրավապահները խուզարկել են դատավորներից մեկի ավտոմեքենան, քանի որ ներքին դիտման արդյունքում տվյալներ են ստացել, որ այդ դատավորը ևս ներգրավված է այդ մասշտաբային, ասել է թե՝ «դարի գողության» մեջ։
Խոսքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վոլոդյայի Պետրոսյանի՝ Կապանցի Արշակի մասին է։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երեք-չորս օր առաջ Քննչական կոմիտեի քննիչները հենց դատարանի բակում խուզարկել են դատավոր Արշակ Պետրոսյանի ավտոմեքենան։ Մեզ ասացին նաև՝ դատավորը դիմադրել է, թույլ չի տվել խուզարկեն իր մեքենան, ասել է՝ ինքն անձեռնմխելի է, չեն կարող առանց համապատասխան թույլտվության խուզարկել իր մեքենան։ Քննիչներն էլ կապարակնքել են Պետրոսյանի ավտոմեքենան, ապա գնացել դատարանի որոշումը բերել են և մի քանի օր անց նոր կատարել խուզարկությունը։
Խուզարկության արդյունքում դատավորի ավտոմեքենայի հետևի նստատեղից հայտնաբերել են 15 մլն ռուբլի գումար (30 հատ 5000 ռուբլիների կապոց), իսկ բեռնախցիկից՝ թմրանյութի նմանվող զանգված (մոտ 500 գրամ)։
Արշակ Պետրոսյանին, սակայն, չեն ձերբակալել։ Իրավապահ տարբեր կառույցներից չհերքեցին մեր տեղեկությունը, սակայն խուսափեցին որևէ տվյալ հայտնել նախաձեռնված քրեական վարույթի կամ դատավորի կարգավիճակի մասին։
Վահե Մակարյան