Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը կոչ է արել հետաքննել սեռական բնույթի հանցագործությունները թվային տարածքում՝ ԶԼՄ-ներում դիպֆեյքերի հրապարակումից հետո Telegram մեսենջերում։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով կառավարության նիստին։
Խոսքը հարավկորեացի կանանց բաց ֆեյք լուսանկարների եւ տեսանյութերի առկայության մասին է, նշել է գործակալությունը։ Նախագահն ընդգծել է, որ տեխնոլոգիաների օգտագործումը՝ հենվելով անանունության վրա, հանցագործություն է։
Ինչպես նշել է գործակալությունը, նախագահը խոսել է ընդհանրապես հանցագործությունների մասին սոցցանցերում՝ առանց Telegram-ը հիշատակելու։
Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում օգոստոսի 24-ին, հաջորդ օրը նրա ձերբակալման ժամկետն ավելացվել է 96 ժամով։ Փարիզի դատախազությունը նրան վերագրում է հանցակցություն թմրանյութերի ապօրինի շրջանառությանը, երեխաների դեմ հանցագործություններ եւ խարդախություն, այսինքն, ըստ էության, դիտարկում է որպես նրանց հանցակից, ովքեր կատարում են այդ եւ այլ իրավախախտումներ Telegram-ի օգտագործմամբ։
Հարավային Կորեայի նախկին նախագահ Մուն Չժեն Ինը 2020թ. մարտին կոչ էր արել հետաքննել Telegram-ի միջոցով պոռնոգրաֆիայի տարածման գործերը։ Նա այդ կերպ արձագանքել էր ձերբակալվածի՝ չարագործների ցանցի կազմակերպիչներից (որոնք շանտաժի օգնությամբ մարդկանց, այդ թվում անչափահասներին ստիպում էին նկարահանվել պոռնոգրաֆիական տեսանյութերում) մեկի անձնական տվյալները բացելու խնդրագրին։