Երբ 2018-ին ոմանք զգուշորեն հարցնում էին՝ կարո՞ղ է գալիս եք իշխանության, որ Արցախի «հարցերը լուծեք», իշխանության ձգտող ուժը վիրավորվում էր ու եռանդով հերքում: Երբ ասում էին՝ հասարակությանը տեղեկացրեք, թե ինչի շուրջ եք բանակցում, ինչ ես խոսել վերելակում Ալիեւի հետ, ինչ է նշանակում' «զրոյական կետից սկսել բանակցությունները», վրդովվում էին' «ինչ ուզում, այն էլ բանակցում ենք»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արմինե Օհանյանը:
«Երբ մարդիկ ահազանգում էին, թե՝ «Արցախը հանձնում եք», երդում-պատառ էին ուտում' «ով հանձնի...»: Երբ 2019-ից սկսած զգուշացնում էին, թե Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, զինվում է, իսկ մենք ոչինչ չենք անում, ասում էին' թշնամուն «նավոդկա» եք տալիս: Երբ 2020-ին ասում էին, որ կուտակումներ են սահմանին, այս պատերազմին Թուրքիան էլ է մասնակցելու, հայտարարում էին' վստահ ենք, որ Թուրքիան ոչ մի քայլ չի անի Հայաստանի դեմ, դուք պատերազմի մասին լուրերով խուճապ եք տարածում: Երբ պատերազմի ժամանակ գրում էինք, թե հայկական բանակը պարտվում է, սխալ են վարում պատերազմը, մի կենտրոնից կառավարում չկա, ասում էին՝ 5-րդ շարասյունը թշնամու ջրաղացին ջուր է լցնում, պարտություն է երազում։
Երբ պատերազմից հետո մարդիկ ասում էին, որ պարտված անձի' իշխանության ղեկին մնալը վատ հետեւանքներ է ունենալու, պարտված ղեկավարը վատ բանակցող է, ասում էին' չկա նման բան, ժամանակ տվեք' Փաշինյանը կշտկի իրավիճակը: Երբ 2021-23 թվերին փոքրիկ սադրանքներով ու մինի-պատերազմներով թշնամին անընդհատ առաջ էր շարժվում' նորանոր տարածքներ գրավելով եւ նոր կյանքեր խլելով մեզնից, ամեն անգամ ասում էին' սա վերջին բախումն է, վերջին զոհը: Երբ սկսեցին Թուրքիայի հետ սիրախաղերը եւ խոստումները, թե շուտով սահմանը կբացվի, տնտեսական աճ կունենանք, խաղաղություն կհաստատվի, մարդիկ զգուշացնում էին, որ դրանք միֆեր են՝ չի լինելու ո՛չ սահմանի բացում, ո՛չ խաղաղություն: 6 տարին բավարար չէ՞ սուտը ճշտից զատելու համար»։