Yerevannews.am. Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Օրակարգի և նախորդ նիստի արձանագրության քննարկումից և հաստատումից հետո վարչապետ Սարգսյանը ներկայացրել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում և 2012 թվականին արձանագրված տնտեսական արդյունքները:
Կառավարության ղեկավարը նշել է, որ 2013 թ. առաջին երեք ամիսներին արձանագրված տնտեսական ցուցանիշները բավականին բարձր են, մասնավորապես, տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 8,7 իսկ ՀՆԱ-ն՝ 11,7 տոկոս: Արդյունաբերության բնագավառում արձանագրված աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 15,8 տոկոս, գյուղատնտեսության բնագավառում՝ 2,3, ծառայությունների ոլորտում՝ մոտ 7 տոկոս:
«Պետք է արձանագրել, որ բացասական սալդոյի պարագայում արտահանման տեմպերը մոտ երեք անգամ շարունակում են ավելի բարձր լինել ներմուծման տեմպերից: Սա հիմնականում պայմանավորված է արտահանմանն ուղղված արդյունաբերական նոր ռազմավարությամբ: Տեսնում ենք, որ այս քաղաքականությունը տալիս է իր դրական արդյունքները և մենք այն շարունակելու ենք: Պետությունն իր գործիքակազմով՝ վարկային միջոցներով, պետական երաշխավորությամբ, հարկային արտոնություններով կշարունակի օժանադակել մասնավոր հատվածին, որոնց ծրագրերն ուղղված կլինեն աշխատատեղերի ստեղծմանը, արտահանման ծավալների աճին: Կառավարությունն արդեն իսկ նման 20 ծրագիր է հաստատել:
2013 թ. պետական բյուջեն հաշվարկել ենք 6,2 տոկոսի տնտեսական աճի ցուցանիշով, իսկ առաջին եռամսյակում շոշափելիորեն՝ 7 միլիարդ դրամով գերակատարել ենք հարկային մուտքերը, քան ծրագրված էր»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ 2012 թ. կառավարությունն ավարտել է 7,2 տոկոս տնտեսական աճով: Վարչապետի խոսքով՝ կարևոր է հատկապես տնտեսական աճի կառուցվածքը և այն հանգամանքը, որ արդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտները, որոնք ՀՆԱ-ի մեջ ունեն ամենամեծ տեսակարար կշիռը, ապահովել են բարձր աճի տեմպեր: Մասնավորապես, գյուղատնտսության ոլորտում նախորդ տարի արձանագրվել է 9,3, իսկ արդյունաբերության բնագավառում՝ 14,5 տոկոսի տնտեսական աճ: 48 տոկոսի աճ է ապահովվել ջրամատակարարման, վերամշակման և թափոնների կառավարման ոլորտում: Մեծածախ և մանրածախ առևտրի բնագավառում արձանագրվել է 6, փոխադրումների ոլորտում՝ 14, ֆինանսական և ապահովագրական գործունեության բնագավառում՝ 23 տոկոսի տնտեսական աճ:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ 2012 թ. շինարարության ոլորտը դուրս է եկել զրոյական մակարդակի վրա: Գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ սկսած 2009 թ.-ից տնտեսության մեջ հիմնական անկումը՝ 43 տոկոս, արձանագրվել է հենց շինարարության ոլորտում: «Հետագա տարիների ընթացքում էլ շինարարությունը տնտեսության հիմնական զսպող ուժն էր: Վերջապես, 2012-ին հասել ենք զրոյական մակարդակի: Ակնկալում ենք, որ 2013 թ. շինարարությունը կսկսի վերականագնվել և ապահովել տնտեսական աճ»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ նախորդ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները բավականին բարվոք են. բյուջետային դեֆիցիտը չի գերազանցել 3 տոկոսը, ինֆլյացիան գտնվել է ծրագրավորված ցուցանիշի՝ 4 տոկոսի շրջանակում, իսկ արտաքին պարտքը կազմել է 37 տոկոս, որը նույնպես արտաքին պարտքի թույլատրելի շեմի շրջանակներում է:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Տիգրան Սարգսյանը կարևորել է բիզնես միջավայրի բարելավման գործընթացը և հիշեցրել, որ Համաշխարհային բանկի Doing Business 2013 զեկույցում Հայաստանն իր դիրքերը բարելավել է 18 կետով և աշխարհի 185 երկրների շարքում զբաղեցնում է 32-րդ տեղը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բիզնես միջավայրի բարելավման աշխատանքները լինելու են շարունակական:
Նիստի ընթացքում վարչապետն անդրադարձել է նաև սոցիալական, առողջապահական, տեսչական և այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին ու ծրագրերին:
Խորհուրդը քննարկել և հաստատել է 2012 թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական եզրակացությունը, անդրադարձել ՀԱՄՀ ապագա ծրագրերին:
YerevanNews.am