Մայիսի 5-ին, ըստ ԲՀԿ համամասնական ցուցակի առաջատար Վարդան Օսկանյանի, ժողովուրդն այլընտրանք չունի ու պետք է հաղթի: 168.am-ի փոխանցմամբ՝ այսօր Զեյթուն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Վարդան Օսկանյանն ասաց, թե հենց մայիսի 5-ի ընտրություններով է, որ ժողովուրդը հաջորդ չորս տարիների ընթացքում Հայաստանում փոփոխության ակնկալիք ունենալու հույս ունի: «Եթե մենք այս իրավիճակը կորցրեցինք, հաջորդ ընտրությունները, որի ժամանակ դուք կարող եք հույս ունենալ ձեր քվեով որևէ բան փոխել, 2017-2018 թվականի խորհրդարանական ու նախագահական ընտրություններն են: Գիտեմ, որ այսպես չեք ուզում ապրել: Իսկ այդ ուղերձը հանրապետության նախագահին ու իշխանություններին շատ հստակ հնչեց նախագահական ընտրությունների ընթացքում' անկախ այսօրվա պաշտոնական տվյալներից: Միանշանակ է, որ ժողովուրդն այդ ընտրություններին գնաց հստակ պատգամով' մենք փոփոխություն ենք ուզում»,- նշեց նա: Վարդան Օսկանյանը կոչ արեց մարդկանց նայել իրենց շուրջն ու արձանագրել, որ իրենց ուղերձից հետո ոչ մի բան չի փոխվել: Ըստ նրա' փոփոխությունը հիմա առավել հրատապ է, հրամայական: Օսկանյանն անդրադարձավ նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի վերանշանակմանը: «Վերանշանակման բացատրությունն այն է, որ կառավարությունը լուծել է իր առջև դրված խնդիրները, այնինչ չի ասվում, թե եկեք այս կառավարությանը մի հատ էլ հնարավորություն տանք, փորձառություն են ձեռք բերել, իրենց սխալներից կարող է սովորեն ու ավելի լավն անեն: Բայց չէ' բացատրում են, թե իր առջև դրված խնդիրը լուծել է: Կառավարությունը լուծե՞լ է իր առջև դրված խնդիրները: Գուցե սխալ խնդի՞ր են դրել իրենց առջև: Խնդիր են դրել, որ այս ժողովուրդը գնա՞, աղքատությունը մեծանա՞, որ արտաքին ներդրումներ չլինե՞ն»: Վ. Օսկանյանի հաոզմամբ, Կառավարության առջև ժողովրդի կողմից դրված խնդիր լուծված չէ: Իսկ ժողովուրդը, նրա խոսքով, պահանջում է «պարզ, առօրյա, նույնիսկ տրիվյալ կենցաղային խնդիրներ»: Առաջիկա հինգ տարիների ընթացքում, կառավարությունը, Օսկանյանի խոսքով, չի կարողանալու լուծել այս խնդիրները, որովհետև իրենց քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվելու, «նույն մարդիկ, նույն փիլիսոփայությամբ, իրենց նեղ խնդիրներով» շարունակելու են պաշտոնավարել' մի կողմ դնելով ժողովրդի հարցերը: «Պատկերացրեք, որ քաղաքապետը դառնում է ոչ իշխանական ուժից մեկը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն: Այս իրավիճակում ստեղծվելու է բոլորովին նոր մթնոլորտ»,- ասաց նա: Վարդան Օսկանյանը նաև նշեց, որ Երևանի բյուջեով հնարավոր է լուծել խնդիրները, իսկ ԲՀԿ-ն էլ, նրա խոսքով՝ ոչ միայն կլուծի այդ խնդիրները, այլև կավելացնի բյուջեն: