Քաղաքացին անձնագիր ստանում է կամավոր' անկախ տարիքից:
Մինչև 16 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին' 5 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչև 16 տարեկան արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում' պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով:
Գործունակ քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմումը ներկայացնում է անձամբ:
Առաջին խմբի հաշմանդամներն իրավունք ունեն անձնագիր ստանալու ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վկայականը կամ վկայականի նոտարական կարգով վավերացված պատճենը:
Մինչև 16 տարեկան երեխային անձնագիր տրամադրվում է երեխայի ծնողներից մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով:
Մինչև 16 տարեկան երեխային մյուս ծնողի դիմումի հիման վրա անձնագիր չի տրամադրվում, եթե ծնողը, որի մոտ օրինական հիմքերով բնակվում է երեխան, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն նախապես ներկայացնում է անձնագիր տրամադրելու անհամաձայնության վերաբերյալ գրավոր հայտարարություն: Հայտարարությանը կցվում է երեխայի բնակության վայրը որոշելու' նոտարական կարգով վավերացված համաձայնության պատճենը կամ դատական ակտի պատճենը:
Անգործունակ ճանաչված քաղաքացուն անձնագիր տրամադրվում է խնամակալի դիմումի հիման վրա: Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն անձնագիրը տրամադրվում է իր դիմումի հիման վրա: Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն օրենքով նախատեսված առավել սեղմ ժամկետներում' գանձվող վճարի դիմաց, անձնագիր տրամադրվում է հոգաբարձուի համաձայնությամբ:
Քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում ոստիկանության մարմին, օտարերկրյա պետություններում' Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:
Աղբյուրը՝ Իրավաբան.net