Tert.am. Ռուսլան Ցարնաևը, ով Բոստոնի ահաբեկչության ենթադրյալ հեղինակներ Թամերլան և Ջոհար Ցարնաևների հորեղբայրն է, կապ է հաստատել the Mirror-Spectator-ի խմբագրության հետ՝ հայ համայնքից ներողություն խնդրելու համար: Նա հայ համանքից ներողություն է խնդրել Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունների վերաբերյալ քննարկումների ընթացքում արված իր վերջին հայտարարությունների համար, որի ժամանակ նա հիշատակել է հայերին, մասնավորապես Միշա անունով մի հայի, ով վերջերս իսլամ է ընդունել, հայտնում է Mirror-Spectator-ը:
«Հայաստանը շատ ուժեղ մշակույթ ունի, հետևաբար, ես ցանկանում եմ նշել, որ նրա (Միշայի) ազգային պատկանելությունը ոչ մի կապ չունի դրա հետ: Երանի, ես այդ երբեք ասած չլինեի», հայտարարել է Ցարնաևը:
Նա ևս մեկ անգամ ներողություն է խնդրել հայկական համայնքից՝ նրանց անունն «այս չարամիտ իրադարձության» հետ կապելու համար:
Լրատվամիջոցներին արված նախկին հայտարարություններում Ցարնաևը, խոսելով վերջերս իսլամ ընդունած Միշայի մասին, ում անունը այժմ հաղորդվում է որպես Միխայիլ Ալահվերդովա, հայտարարել էր, որ նա է «լվացել» Թամերլան Ցարնաևի ուղեղը և «զինել» ոչ մուսուլմանների հանդեպ ծայրահեղական գաղափարներով և շեշտել է, որ նա (Միշան) հայկական ծագում ունի:
Ցարնաևը այս մասին հայտարարել է հեռախոսակապի միջոցով, սակայն ասել է, որ չի կարող պատասխանել հետագա հարցերին: Նրա զանգահարած հեռախոսահամարի որոնման արդյունքում հաստատվել է, որ հեռախոսազանգը եկել է Մերիլենդից, իսկ հեռախոսահամարը գրանցված է Ցարնաևի անունով: