Tert.am. Ռուս միլիարդատեր Բորիս Բերեզովսկու հուղարկավորությունը տեղի է ունեցել մայիսի 8-ին բրիտանական Բրուքվուդ գերեզմանատանը: Լրագրողների ուշադրությունից խուսափելու համար հուղարկավորությունը հետաձգվել էր երկու օրով և տեղափոխվել Լոնդոնի սահմաններից դուրս, սակայն արարողության մանրամասները հասանելի են դարձել հասարակությանը, հայտնում է Russia Today-ը:
Բորիս Բերեզովսկուն հրաժեշտ տալու էին եկել նրա հարազատներն ու գործարար ընկերները: Գերեզմանոցում էին նրա դուստր Ելիզավետան, ընկերուհի Եկատերինա Սաբիրովան, հանգուցյալի մերձավորներից Ահմեդ Զաքաևը և Վլադիմիր Վորոնով, ինչպես նաև նրա թիկնապահը, ով հայտնաբերել էր գործարարի դին:
Գերեզմանատունը փակ է եղել կողմնակի անձանց համար, իսկ ներկաներին ոստիկանության աշխատակիցները ներս էին թողնում միայն ըստ ցուցակի: Լրատվամիջոցների միայն մի քանի ներկայացուցիչների էր հաջողվել ներս մտնել և թաքնվել, սակայն նրանց հայտնաբերել և դուրս էին հրավիրել ոստիկանները: