Երեկ ամերիկյան TMZ.com պարբերականը հայտնել էր, որ հայազգի միլիարդատեր Քըրք Քրքորյանին, ամենայն հավանականությամբ, պատանդ են վերցրել: Ըստ պարբերականի՝ Քըրքորյանի նախկին կինը՝ Լիզա Քըրքորյանը տեղեկացրել է, որ Քըրքորյանի ընկերության՝ «Թրասինդայի» մենեջեր Քորփը վերջին 5 տարիներին ամբողջությամբ վերահսկել է Քըրքին և թույլ չի տվել վերջինիս հանդիպել դստեր հետ:
«Թրասինդայի» ներկայացուցիչը, սակայն, ասել է, որ Լիզա Քըրքորյանի խոսքերն ապացուցող փաստեր չկան, ուստի՝ մեղադրանքներն անհիմն են. այս մասին էլ հայտնում է ամերիկյան QUARTZ հանդեսը։
Հիշեցնենք, որ 95-ամյա Քըրքորյանի նախկին կինը՝ Լիզա Քըրքորյանն օրերս դատարան էր դիմել՝ ներդրումներով զբաղվող «Թրասինդա» ընկերությանը մեղադրելով դրա հիմնադիր և բաժնետեր Քըրքորյանին պատանդառելու մեջ։ Նա իր հայցադիմումում հայտնել էր, որ «Թրասինդայի» մենեջերները վերահսկողության տակ են պահում իր նախկին ամուսնուն և վերջին 5 տարիներին նրան թույլ չեն տվել տեսակցելու Լիզայի 15-ամյա դստեր հետ։
Ընկերությանը մոտ կանգնած աղբյուրները Guartz-ին հայտնել են, որ Քըրքորյանը լավ է և նոր սիրուհի ունի, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, վրդովեցրել է նրա նախկին կնոջը, ով անընդհատ հետապնդում է Քըրքորյանին և փորձում վերականգնել հարաբերությունները նրա ու իր դստեր միջև, որին միլիարդատերը մեծացրել է որպես իր հարազատ զավակ։
Լիզան իր հայցադիմումում նաև նշել էր, որ Քըրքորյանին վերջին անգամ հանրության մեջ տեսել են 2012 թվականի հունիսին։
«Քըրքորյանը հայտնի է որպես հանրության աչքից հեռու և մեկուսի կյանք վարող անձ, հատկապես որ նրա տարիքն էլ բավական առաջացած է»,-գրում է Quartz հանդեսը։