Այսօր՝ մայիսի 31-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Ժամը 16:50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու երիտասարդ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Նոր Նորքի 5-րդ զանգվածի 166 դպրոցի մոտից:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք 15-ամյա Ստեփան Հակոբյանն ու 18-ամյա Սերգեյ Աղաջանյանն են:

Հիվանդանոցում բժիշկները օպերատիվ քննչական խմբին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն հայտարարություն տալու կատարվածի մասին, քանի որ գտնվում են վիրահատարանում:

Գ. Շամշյանը հայտնում է, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և քննչական բաժնի աշխատակիցները պարզել են, որ դպրոցի հետնամասի ֆուտբոլի դաշտում տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ:

Քննչական բաժնի քննիչները վիճաբանության վայրում հայտնաբերել են արյունոտված շապիկ (մայկա), որի վրա առկա են արյան հետքեր:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ օպերատիվ քննչական աշխատանքները ղեկավարում են Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Սամվել Խմելյանը և Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանը:

Փաստի առթիվ Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Յուրա Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վիճաբանության մասնակիցներին հայտնաբերելու, դեպքի մանրամասները պարզելու նպատակով ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստեղծվել են մի քանի օպերատիվ քննչական խմբեր, որոնց աշխատանքները ղեկավարում են Նոր Նորքի ոստիկանապետի օպեր. գծով տեղակալ Վալեր Բաղյանը և Քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Հրաչ Ղազարյանը, ովքեր ստացված ամեն մի տեղեկատվություն փոխանցում են Մհեր Վարդանյանին և Սամվել Խմելյանին:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի