«Հաշվի առնելով վերջին շրջանում զենքի օգտագործմամբ իրականացված կենցաղային սպանությունները' ես' ՀՀ քաղաքացի Իզաբելլա Աբգարյանս, պահանջում եմ իրավապահ մարմիններից անցկացնել զինաթափման միջոցառում, մասնավորապես՝ քրեաօլիգարխիկ երևույթների առանձնատներում և նրանց պատկանող տարածքներում: Խուզարկության ներկայանալ լրագրողների ուղեկցությամբ և զենք հայտնաբերելու դեպքում տվյալ անձանց ենթարկել համապատասխան պատասխանատվության»: Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում էր կատարել բլոգեր Իզաբելլա Աբգարյանը:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում Իզաբելլա Աբգարյանը նշել է, որ նրան նման հայտարարությամբ հանդես գալ դրդել են վերջին դեպքերը և այն, որ եթե կա զենք, ապա այդ զենքը նրանց ձեռքում անպայման կրակելու է, հետևաբար՝ այն պետք է առգրավվի: Իզաբելլա Աբգայրանը չի բացառել, որ այս դեպքը նաև շարունակություն կունենա.
«Բացի այդ, մենք բոլորս շատ լավ գիտենք, որ ինքնահռչակ իշխանիկները զինված են, իրենց, այսպես կոչված, «օբյեկտներում» զենք են պահում ու իրենց հետ եզեր են ման տալիս, բառացի իմաստով՝ ուղեղավոր եզեր, որոնք ընդունակ են և մարդ խփել՝ մտածելով, որ անպատիժ են մնալու: Սրա վերջն իսկապես պետք է դրվի և զենքը պետք է լինի միայն զինված ուժերում և միայն նրանց մոտ, ովքեր ըստ օրենքի պետք է զենք կրեն»:
Հարցին, թե համապատասխան մարմիններն ինչ կերպ կարձագանքեն նրա այս առաջարկին, տիկին Աբգարյանը նշել է, որ այս հարցում այդքան էլ լավատես չէ, չի կարծում, որ լայն միջոցառումներ կկատարվեն:
«Կարծում եմ, որ հենց այդ մարմինների պատասխանատուները պիտի այդ հարցը տան, թե այս օրերին Գորիսում առգրավված զենք ինչ գործ ունի մարդկանց մոտ: Նրանք նաև պետք է հասկանան, որ գուցե և ավելի շատ զենք կա նաև այլոց մոտ»:
Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը նշել է, որ եթե իշխանությունները բանականությունից զուրկ չեն, ապա պիտի անհապաղ միջոցառումներ ձեռնարկեն: «Նախկինում մեքենաներ էին կանգնեցնում, ստուգում էին զենքի առկայություն կա, թե չէ, իսկ սա «լավ առիթ է», որպեսզի ողջ հանրապետության տարածքով զինաթափում իրականացվի: Հատկապես քրեաօլիգարխիկ երևույթների հանդեպ»:
Հարցին, թե չեք կարծում, որ հիմա կասեն, թե ում օբյեկտներն ու բնակարանները խուզարկենք, տիկին Աբգարյանն ասել է.
«Բնականաբար, նրանք կասեն, որ չգիտենք, բայց շատ լավ էլ գիտեն ու բոլորս էլ գիտենք: Մասնավորապես նրանք, ովքեր պահում են թիկնապահներ, ովքեր ունեն մեծ բիզնեսներ, ուստի և մեծ ռիսկերի հետ են առնչվում: Պարզ է, որ նրանք կունենան զենք: Նրանք շատ են, եթե ես հիմա նշեմ երեքին, ապա դա կդառնա շահարկումների առիթ, որ հենց այդ երեքին նշեցի, իսկ չորրորդին մոռացա: Կարծում եմ, այդ անունները մենք բոլորս գիտենք, բավական է միայն բացել խոշոր գործարարների ցուցակը, ովքեր միանգամից հարստացել են, և ամեն մեկն իրեն մի իշխանիկ է զգում և ընտրություններում էլ ունենում են շատ մեծ ազդեցություն»:
Զրուցակիցս նշել է, որ հասկանում է, որ այս ամենի համար օրինական հիմքեր են պետք, բայց հավելել է, որ դա արդեն իրավապահների խնդիրն է և առաջարկել .
«Սկզբում կարելի է տալ որոշակի ժամանակահատված, հայտարարել, որպեսզի նրանք կամավոր կերպով հանձնեն զինամթերքը»:
Բլոգերը ենթադրում է, որ կատարվածը կենցաղային բնույթի միջադեպ է, պարզապես կրակ արձակած կողմերից մեկը հույս է ունեցել, որ անպատիժ կմնա, քանի որ սովորել են, որ անպատիժ ինչ ասես կարող են անել:
«Եթե իրավապահները լինեն օբյեկտիվ և պարզվի, որ նա իսկապես առնչվել է բուն դեպքին, ապա, բնականաբար, նա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի»:
Տաթև Ֆռանգյան