Ինչպես ավելի վաղ Lurer.com-ը տեղեկացրել էր, այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստը։
Երբ հերթը հասավ օրակարգում ընդգրկված նախագծերի քվեարկությանը, ավագանու նոր կազմում ընդգրկված «Բարև Երևան» դաշինքը չմասնակցեց քվեարկություններին։
Նիստից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից լրագրողները հարցրին, թե ինչպես է վերաբերում այդ բոյկոտին և ընդհանրապես իր հասցեին արված քննադատություններին.
«Այդ քննադատությունները պետք է մեր կողմից ուսումնասիրվի, ինչն իրատեսական է, պետք է շտկվի և լուծում գտնի»։
Հարցին, թե ընդդիմության ներկայությունը ավագանիում կզգաստացնի իրենց, պատասխանեց. «Ես կարծում եմ, որ երբ երևանցիների կողմից ավագանու անդամներն ընտրվում են, մենք զգաստանում ենք մեր քաղաքացիների առաջ, և, այո, Երևանում կան բազում չլուծված խնդիրներ, և մենք փորձելու ենք լուծել այդ խնդիրները։ Մենք հաշվետու ենք մեր երևանցիներին»։
Լրագրողները հարցրին, թե գազը, էլեկտրաէներգիան, արդեն որոշվել է, թանկացվելու են, դա ինչքանո՞վ կազդի տրանսպորտի գների վրա. վերջինս պատասխանեց. «Մասնագետները դեռևս այդ ուղղությամբ աշխատում են։ Տնտեսագետների հաշվարկներից հետո մենք հայտարարությամբ հանդես կգանք»։
Հարցին, թե թանկացման միտում կա, Տարոն Մարգարյանն ասաց. «Դեռ չի քննարկվել թանկացումների հարցը, բայց հաշվարկներ են ընթանում։ Անպայման հաշվարկներից հետո կհասկանանք՝ թանկանալու է, թե' ոչ»: