Սիրիայում նախագահ Բաշար Ասադի իշխանության դեմ կռվող զինյալները ծնողների աչքի առաջ գնդակահարել են 15-ամյա մի պատանու:
Անչափահասին ապստամբները մեղադրել են աստվածուրացության մեջ, հաղորդում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով «Syrian Observatory for Human Rights» կազմակերպությանը:
Ըստ այդ կազմակերպության՝ մահապատիժն իրականացրել է «Ջեբհեթ ան-նուսրա» կրոնական ծայրահեղական կազմակերպությունը, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:
15-ամյա զոհի անունը Մուհամմեդ Քաթաա է, ով Հալեպի շրջաններից մեկում սուրճ էր վաճառում:
Ինչպես պարզվել է, փողոցում բռկված վիճաբանության ժամանակ, երեխան իբր թե ասել է «Նույնիսկ, եթե Մոհամեդ մարգարեն իջնի երկնքից, ես հավատացյալ չեմ դառնա»:
Զինյալները, իմանալով աստծո հասցեին ուղղված այդ հայտարարության մասին, գնդակահարել են տղային՝ թեև նրա մայրը աղաչել է, որ ներեն պատանուն, քանի որ նա մասնակցել է հակակառավարական ցույցերին: