Արգենտինայի դատարանը երկրի նախկին նախագահ Կարլոս Մենեմին դատապարտել է 7 տարվա ազատազրկման զենքի մաքսանենգության համար: Դատավճիռը կայացնելիս 82-ամյա քաղաքական գործիչը բացակայում էր դատարանի դահլիճից բժիշկների երաշխավորագրով. փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Մենեմը Արգենտիանայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 1989-1999թթ: 1991-1995թթ. նա ապօրինի կերպով զենք էր վաճառում Խորվաթիային և Էկվադորին, որոնք այդ պահին ռազմական գործողություներ էին իրականացնում' չնայած նրան, որ պաշտոնապես այդ զենքը մատակարարվում էր Վենեսուելային և Պանամային:

2001թ. հունիսին Կարլոս Մենեմին ձերբակալել էին, սակայն 6 ամիս անց նա ազատ էր արձակվել դատարանի վճռով: 2013թ. մարտ ամսին Արգենտինայի վճռաբեկ դատարանը չեղյալ էր հայտարարել Մենեմին արդարացնող դատավճիռը և նրան մեղավոր էր ճանաչել զենքի մաքսանենգ վաճառքի համար:

Ներկայումս Կարլոս Մենեմը Լա Ռիոխա նահանգի սենատորն է, ուստի չի կարող ձերբակալվել' նախքան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելը: