Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է Կարինե Աբազյանի գործի դատավարությունը:
Քրեական գործի դատավարությունը հայտարարվել էր ավարտված, դատարանն անցել էր դատական վիճաբանությունների փուլին և ամբաստանյալի վերջին խոսքը լսելուն, երբ մեղադրողը միջնորդեց վերսկսել դատաքննությունը և նշանակել դատահոգեբանական փորձաքննություն' իրավախախտումը կատարելու պահին Կարինե Աբազյանի հոգեվիճակը պարզելու համար:
Դատարանը բավարարել է մեղադրողի միջնորդությունը' վերսկսել դատաքննությունը և նշանակել դատահոգեբանական փորձաքննություն:
Հնարավոր է, որ, ըստ թերթի, դատահոգեբանի տված եզրակացությունը հիմք տա' ամբաստանյալի արարքը վերաորակելու, ճիշտ քրեաիրավական գնահատական տալու համար:
Ըստ գործի նյութերի' Կ.Աբազյանը խոհանոցային դանակով երկու հարված էր հասցրել իր ամուսնուն' տուժողին' պատճառելով ծանր վնաս: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով' դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը:
Կ.Աբազյանը, չխորանալով իրավաբանական ու հոգեբանական նրբությունների մեջ, իրեն մեղավոր էր ճանաչել' ամուսնուն ծանր վնաս հասցնելու համար:
Ըստ Կ.Աբազյանի երեխաների պատմածների' ծնողները հաճախ են վիճել, հայրը մշտապես ծեծել Կ.Աբազյանին: Դեպքի օրն էլ' հերթական վիճաբանության ժամանակ, ամուսինը վիրավորել, անպատվել է կնոջը, պահանջել, որ նա երեխաների հետ հեռանա տանից: Վիճաբանությունը վեր է ածվել ծեծկռտուքի, և Կ.Աբազյանի ամուսինը' Ա.Դավթյանը, աթոռով այնպես է հարվածել կնոջ մեջքին, որ աթոռը կտոր-կտոր է եղել: Սակայն Ա.Դավթյանը դրանով չի բավարարվել. նա վերցրել է կոտրված աթոռի ոտքը և դրանով հարվածներ հասցրել կնոջ գլխին և մարմնի այլ մասերին: Ցավից կինն ուշագնաց է եղել, և միայն երեխաների' մոր դեմքին ջուր լցնելուց է վերջինս ուշքի եկել: Այնուհետև Կ.Աբազյանը խոհանոցից վերցրել է դանակը և հարվածել ամուսնուն:
Ամբաստանյալ Կ.Աբազյանը չի հիշում, թե քանի հարված է հասցրել ամուսնուն: Կնոջ ուշագնացությունը, հիշողության կորուստը, տևական ժամանակ ճնշված ու ծեծվողի հոգեվիճակում գտնվելը կարող են ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակի մասին վկայել: Ահա թե ինչու անհրաժեշտ ամբաստանյալի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննության կատարումը:
Կ.Աբազյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» օրաթերթի' 15.06.2013թ. համարում: