«Microsoft»-ը և «Facebook»-ը հրապարակել են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հարցումների մասին տվյալներ, որոնք վերաբերում են օգտատերերի անհատական տվյալներին: Այդ մասին այսօր հաղորդել է «BBC»-ն:
Ըստ հրապարակման 2012թ.-ի վերջին 6 ամիսների ընթացքում ամենախոշոր սոցիալական ցանցի՝ «Facebook»-ի սեփականատերերը հետախուզական ծառայություններից ստացել են 18-19 հազար օգտատերերի համացանցային էջերին վերաբերող 9-10 հազար հարցում:
Ըստ ընկերության իրավաբանական բաժնի տնօրեն Թեդ Ուլիոթի, հարցերը վերաբերել են ահաբեկչության սպառնալիքներին, հետախուզության մեջ գտնվող հանցագործներին, կորած երեխաներին և աննշան իրավախախտումներին:
Ուլիոթը կոնկրետ օրինակներ չի բերել, թե ինչ չափով է սոցիալական ցանցը կատարել հատուկ ծառայությունների հարցումները, սակայն, նա գրել է, որ այն «ագրեսիվ կերպով» արգելափակում է իր 200 միլիոն օգտատերերի անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները: «Մենք հաճախ ենք մերժում այդպիսի հարցումները, կամ տալիս ենք ավելի քիչ տեղեկություններ, քան մեզանից սպասում են»,-ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը լրատվամիջոցներին հայտնել էր, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները մուտք ունեն դեպի այն սերվերներ, որոնք տնօրինվում են աշխարհի խոշորագույն համացանցային ընկերությունների կողմից:
Բացի այդ նա հաղորդել է, որ «Verizon» հեռակապային ընկերության օգտատերերի միլիոնավոր հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվում են, որը ըստ Սնոուդենի մարդու մասնավոր կյանքի միջամտություն է:
Էդվարդ Սնոուդենը մայիսի 20-ին ժամանել էր Հոնկոնգ:
Հոնկոնգի «South China Post» թերթին տված հարցազրույցում Ցնոուդենը հայտարարել էր, որ Ազգային անվտանգության գործակալությունն ամբողջ աշխարհում «ցանցային մայրուղիների» դեմ իրականացրել է ավելի կան 61 հազար հիպերհարձակում, որը մուտք է ապահովել դեպի հարյուրհազարավոր մասնավոր համակարգիչներ, այդ թվում նաև Չինաստանի և Հոնկոնգի օգտատերերի համակարգիչներ, հաղորդում է«INTERFAX»-ը:
Սնոուդենը մեղադրել է ԱՄՆ-ի իշխանություններին երեսպաշտության մեջ, քանի որ, իր կարծիքով, նրանք ժխտում են վիրտուալ տարածքում իրականացվող հետախուզական գործունեության փաստը:
Ամերիկյան իշխանություններն, իրենց հերթին, քրեական գործ են հարուցել Էդվարդ Սնոուդենի դեմ:
Իսկ այդ ընթացքում մի քանի ընկերություններ դիմել են ԱՄՆ-ի կառավարությանը՝ խնդրելով նրա թույլտվությունը հրատարակել տվյալներ օգտատերերին առնչվող տեղեկատվության բացահայտման վերաբերյալ: