Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 30-ի երեկոյան մասնակցել է Գյումրիի՝ 2013 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչմանն արժանանալու կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը:

Գյումրու «Վարդանանց» հրապարակում տեղի է ունեցել տոնական համերգ, որի ընթացքում էլ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին է հանձնվել «Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»-ի հավաստագիրը:

Ծրագրի շրջանակներում կացկացվի 45 միջոցառում: Ծրագրի պաշտոնական փակումը նախատեսված է նոյեմբերի 2-ին:
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Տոկտասսին Բուզոբաևը, ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը, օտարերկրյա պատվիրակություններ, տարբեր երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ ու բազմաթիվ գյումրեցիներ:

Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հայտարարվել 2012 թ. դեկտեմբերի 5-ին Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:

«ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրը մեկնարկել է 2010-ին ԱՊՀ հումանիտար համագործակցության խորհրդի և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) նախաձեռնությամբ:

«Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է համաֆինանսավորման սկզբունքով՝ «ԱՊՀ միջպետական հումանիտար հիմնադրամ»-ի, ՀՀ կառավարության, ՀՀ մշակույթի նախարարության և Գյումրու քաղաքապետարանի ֆինանսական միջոցներով: