Համացանացում հայտված ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի և գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանի ձայնագրությունը կատարվել է անձամբ Պարույր Հայրիկյանի կողմից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը:
Վերջինս նշեց, որ ձայնագրությունից հետո ինքը պետական արխիվ է հանձնել այն, ապա «պարապ» մարդկանցից մեկը տարածել է այն' մտածելով, թե գաղտնալսման նյութ է գտել. «Միայն դեբիլները կարող են ասել, որ դա գաղտնալսում է եղել. ես այն ժամանակ ամեն ինչ ձայնագրում էի' ի՞նչ է եղել: Ես Զորիին ասում եմ' Զորի, ես ձայնագրում եմ: Ձայնագրության մեջ սա կա' ի՞նչ կա այստեղ: Երկու մտավորական իրար հետ զրույցում են»: Հարցին, թե ինչպե՞ս պատահեց, որ համացանցում տարածվեց այս ձայնագրությունը, Դուք տվե՞լ եք Ձեր համաձայնությունը տարածման համար, նա պատասխանեց. «Մեկն ու մեկն արխիվից երևի վերցրել է: Սա դեբիլների համար ա, որ մտածեն, թե բան են բացահայտել: Ի՞նչ կա դրա մեջ' երկու մարդ իրար հետ խոսում են: Արձագանքներով կարելի է որոշել' ով է հասկացող, ով դեբիլ, որովհետև ձայնագրության մեջ ես ասում եմ' Զորի ջան, ձայնագրում եմ, որ եթե կարևոր համարեմ' օգտագործեմ: Հիմա էլ շրջանառության մեջ են դրել, թե Հայրիկյանը ռուսների հանդեպ լավ ա… բա իհարկե լավ եմ ռուսների հետ: Այո, ես ռուսների հանդեպ շատ լավ եմ, ինչպես նաև թուրքերի, ադրբեջանցիների, հայերի… բացի հայ, ռուս դեբիլներից, բոլոր իմպերիալիստներից»:
Նրա խոսքով' «Հայրիկյանից սերունդներով սովորելու բան ունեն երիտասարդները», իսկ «լակոտ լուկուտները», ովքեր հետք են ուզում գտնել Հայրիկյանի վրա՝ պետք է լռեն: «Ողորմելիներ են»,- նշեց նա: Երբ խնդրեցինք ներկայացնել ձայնագրության նախապատմությունը, Պարույր Հայրկյանն արձագանքեց. «Այ ցավդ տանեմ, էս ի՞նչ հարցեր եք տալիս: Երկու հոգով իրար հետ զրուցում ենք, մարդն իր տեսակետն է ասում, ասում եմ՝ Զորի, ախպերս, ասա… անգամ չեմ հիշում, հետո հեռագիրն այդ ուղարկե՞լ եմ, թե՞ ոչ: Ելցինի օգնականը իմ ընկերն է, Պրահայում միասին կոնֆերանսի ենք մասնակցել, իմ հրավերով էր եկել, էդ ոչխարները պատկերացում չունեն Հայրիկյանն ով է… մտածում են գաղտնի բան են գտել: Սա Հայրիկյանի արխիվի նյութերից է, ինչքան ձայանգրություն ունեմ, այդտեղ եմ տալիս, որ կարգին մարդիկ սովորեն, ոչխարներն էլ սովորելու նյութ ստանան»:
Ինչ վերչաբերում է նրան, թե տարածված ձայնագրությունը կարո՞ղ է որևէ կերպ ազդել իր դեմ կատարված մահափորձի գործով ընթացող դատավարության ընթացքի վրա, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Կլոր տարին ամեն մի ապուշ մի բան փորձում է տարածել, որ Հայրիկյանի մասին վատ խոսի: Դա ի՞նչ կապ ունի: Ջախջախում են' չի հաջողվում հետո էլի պետք է փորձեն, էլի փորձեն: Պարապությունից է մեկն անում, մեկը վարկաբեկման համար: Հայրիկյանի հանդեպ բարդույթներ կան, որոնք այս կերպ են դրսևորվում»: Նա շեշտեց, որ ձայնագրության տարածողներն ուզում են ներկայացնել, թե սա գաղտնալսում է եղել, այնինչ՝ ինքն է ձայնագրել, ինչպես ձայնագրում է բոլոր զրույցները, այդ թվում՝ մեր այս հեռախոսազրույցը, որ հետո վերլուծի՝ ինչն էր այդ խոսակցությունից կարևոր, ինչը' երկրորդական. «Նաև տալիս եմ պետական արխիվ, որովհետև ազգի պատմությանն է վերաբերում»: