Հուլիսի 15-ին գումարած արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ է նշանակել թիվ 38 ընտրատարածքում՝ hիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը լրացուցիչ ընտրությունների քվեարկության օր է սահմանել 2013 թվականի սեպտեմբերի 29–ը և հաստատել ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Շիրակի մարզի Բայանդուր համայնքում 2013թ. օգոստոսի 11-ին, Գեղարքունիքի մարզի Ազատ և Սյունիքի մարզի Հալիձոր համայնքներում օգոստոսի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը' Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ' Երևանի թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակվել հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած միակ թեկնածու Արման Եղիազարյանը:
Արտահերթ նիստի ընթացքում քննարկվել է նաև «ԿԸՀ-ում և ՀՀ վարչական դատարանում «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ» Լուսինե Պետրոսյանի դիմումը:
Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ։