Lragir.am. Խուճապի եւ պատմական զուգահեռների կարիք չկա
Այս օրերին հայ հանրությունը քննարկում է Ադրբեջանին ռուսական հարձակողական զենքի մատակարարման եւ հավանական պատերազմի խնդիրները: Նկատելի է երկու ծայրահեղ միտում՝ իրավիճակի զարգացման գրեթե խուճապային սցենարներ, եւ ադրբեջանական բանակի ու զենքի կարողությունների թերագնահատում:
Խուճապային սցենարները հիմնականում կապվում են Ռուսաստանի մտադրությունների հետ, որը կարող է Հայաստանը «պահելու» համար դիմել զինված սադրանքների՝ Ադրբեջանի միջոցով կամ նույնիսկ ուղղակի: Ընդ որում, բերվում է պատմական զուգահեռը՝ 1920 թվականի իրադարձությունները, երբ Ռուսաստանը բանակը մտցրեց Հայաստան, ոչնչացրեց հայկական անկախ պետականությունը, իսկ այնուհետեւ նրա տարածքների մի մասը հանձնեց Թուրքիային ու Ադրբեջանին:
Պետք է ասել, որ իրավիճակների առումով, նմանություններ կան 20-րդ դարասկզբի եւ ներկայիս ժամանակաշրջանի միջեւ, եւ նման սցենարները բնական են: Ընդհանրապես, մեր տարածաշրջանում պետք չէ բացառել ոչինչ, այդ թվում եւ նման սցենարը, մանավանդ որ գործ ունենք ռուս-թուրքական «տանդեմի» հետ:
Ռուսաստանին Հայաստանը շատ է անհրաժեշտ, եւ այդ անհրաժեշտությունը Մոսկվային միշտ էլ մղել է ոչ թե հավասար գործընկերության, այլ կտրուկ քայլերի: Օրինակները բազմաթիվ են եւ համոզիչ: Հայաստանը մշտապես եղել է ռուս-թուրքական «սալի ու մուրճի» արանքում, եւ տարածաշրջանի խնդիրները միշտ էլ լուծվել են հայերի հաշվին: Ընդ որում, բացարձակապես նշանակություն չի ունեցել հանգամանքը, թե այդ պահին հայերն ու հայկական վերնախավը արեւմտամետ են եղել, թե ռուսամետ: Օրինակ, 20-րդ դարասկզբին հայկական տարածքները Թուրքիային ու Ադրբեջանին հանձնվեցին արդեն Մոսկվայի դրածո իշխանության օրոք:
Պատմությունը կրկնվելու միտում իսկապես ունի, սակայն միայն թույլ ու անկազմակերպ, իդեալներից ու ստեղծագործական պոտենցիալից զուրկ հանրությունների պարագայում: Այլապես, չէին ստեղծվի կայսրություններ ու քաղաքակրթություններ, չէին կործանվի հզոր տերություններ ու ստեղծվեին նոր պետություններ:
Հայերը նման օրինակներ ունեն, թեեւ քիչ՝ բայց ունեն: Այդ օրինակները համընկնում են այն ժամանակաշրջաններին, երբ հայերը մեն մենակ են մնացել իրենք իրենց հետ: Օրինակ, նույն առաջին հանրապետության ստեղծման ժամանակաշրջանը, Ղարաբաղի պատերազմը: Երբ չկար հաղթանակի որեւէ «տրամաբանական» հիմնավորում, չէր երեւում որեւէ շանս:
Ծեծված խոսք է, սակայն ամեն ինչ կախված է մեզանից: Ընդ որում, իրադարձությունների զարգացման ամենաբարդ եւ անբարենպաստ սցենարների դեպքում: Ի վերջո, ցանկացած հանրություն ինքն է նվաճում իր ապրելու եւ մնացյալ իրավունքները: Երբ կա այդ կամքը եւ ցանկությունը, արդեն դժվար է իրականացնել որեւէ սցենար: Իսկ իրականացնելու դեպքում էլ՝ երկար կմտածեն, մինչ այդ: Ինչպես եղավ, օրինակ, Ղարաբաղում: Երբ բոլորն արդեն հաշտվել էին այն մտքի հետ, որ Ղարաբաղը հնարավոր չէ պահել:
Արդյոք Հայաստանում կա այդ կամքը եւ ցանկությունը, այն մտավոր ու բարոյական պոտենցիալը, որն ուժեղ է ցանկացած զենքից ու քաղաքականությունից, ավելի ճիշտ՝ ամենահզոր զենքն ու քաղաքականությունն է:
Արդյոք հայկական ներկայիս հանրային-քաղաքական միտքը զբաղված է կառավարման, պաշտպանության եւ անվտանգության ոլորտում ծրագրեր ու նախաձեռնություններ մշակելով, հայկական գործոնը ձեւակերպելով, որը հայկական պետությանը կարող է դարձնել միջազգային լիիրավ սուբյեկտ:
Արդյոք հայկական քաղաքական ուժերը զբաղված են երկրի ներքին ու արտաքին հիմնախնդիրների շուրջ քաղաքական բովանդակային բանավեճով ու լուծումների որոնումներով, որոնք ամրապնդում են երկրի ինքնիշխանությունը, թե ընդամենն այս կամ այն ուժային կենտրոնի շահերի «ուղեկցորդն» են:
Արդյոք հայկական բուրժուազիան ազգային իդեալների կրող է եւ ստեղծում է տնտեսական կարողություններ երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու համար, նպաստում քաղաքական-հոգեւոր մտքի զարգացմանը:
Արդյոք երկրի օրենսդիր ու գործադիր իշխանությունը, պետական ինստիտուտները կատարում են իրենց գործառույթները՝ ստեղծելու բարենպաստ միջավայր հանրային տարբեր շերտերի ստեղծագործական պոտենցիալի իրացման, մրցունակ տնտեսական ու քաղաքական համակարգեր ձեւավորելու համար:
Արդյոք այս ամենը, հայկական «էլիտայի» անհամարժեքությունը չեն պարտվողական տրամադրությունների պատճառը:
Իհարկե, առաջին ու միակ պատասխանն այս բոլոր հարցերին բացասական է: Նման միջավայրն անկարող է դիմադրել արտաքին սպառնալիքներին, չխոսելով արդեն բարդ ու բազմավեկտոր սցենարների մասին:
Հայ հանրությունն ամեն ինչ ունի, ընդ որում՝ լիուլի՝ տնտեսական, տեխնոլոգիական, ռազմական, հոգեւոր-մշակութային պոտենցիալ, որը խեղդվել է Հայաստանում հաստատված տնտեսաքաղաքական համակարգի գործունեության արդյունքում: Խնդիրն այդ պոտենցիալին ազատ դրսեւորման համար պայմաններ ստեղծելն է, որի դիմաց անզոր կլինի որեւէ արտաքին սադրանք ու Սմերչ: 

 

Հայկ Արամյան