ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը մեզ հետ զրույցում հաստատեց «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններն այն մասին, որ վարչապետի գրասենյակից Կիպրոսում գրանցված իրավաբանական ընկերության միջոցով հարցում է կատարվել Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրին՝ պարզելու, թե արդյո՞ք «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության սեփականատերերի ցանկում կա՞ վարչապետի անունը, թե՞ ոչ և արդյո՞ք փաստաթղթերում ընդհանրապես որեւէ տեղ առկա է Տիգրան Սարգսյանի ստորագրությունը:
Նշենք, որ Կիպրոսում գրանցված իրավաբանական ընկերությունից արդեն իսկ ստացվել է Կիպրոսի պետական ռեգիստրին կատարված հարցման պատասխանը: Ստացված նյութերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր Դատախազություն:
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը չբացահայտեց Կիպրոսից ստացված նյութերի մանրամասները, միայն հաստատեց, որ վերոհիշյալ ընկերության փաստաթղթերում վարչապետի ստորագրությունն առկա չի եղել: