ԳԱԼԱ-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողները փորձել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից տեղեկանալ, թե արդյոք նա մասնակցում է «Ոչ 150 դրամ» ակցիային, ինչին ի պատասխան նախարարն ասել է , որ ինքը մասնակցում է Կառավարության նիստերին և կատարում է ԿԳ նախարարի գործառույթները:
«Իհարկե շատ ուրախացնող համերաշխություն է տիրում քաղաքում: Հանրային ընկալումների շրջանակը ինձ համար ուրախացնող և ընդունելի է, այդ միասնականությունը, փոխօգնության մթնոլորտը միանշանակ լրացուցիչ հմայք են հաղորդել մեր քաղաքին և բարի նախանձով եմ նայում բոլոր այն մարդկանց, ովքեր առաջինը՝ ունենում են սեփական մեքենա, երկրորդը՝ կարողանում են օգնել մարդկանց: Ինչ վերաբերվում է ընդհանուր խնդրին, ապա երևանցին և Երևանի քաղաքապետը հաստատ իրար հետ լեզու կգտնեն»,- ասել է նախարարը:
Երբ լրագրողները փորձել են հավաստիանալ նախարարից, թե արդյոք երևանցու և Երևանի քաղաքապետի՝ իրար հետ լեզու գտնելը կլինի ուղեվարձի իջեցումը, Աշոտյանն ասել է հետևյալը.
«Այստեղ կդնենք բազմակետ և կապավինենք ձեր լրատվական հոսքերին»:
Իսկ հարցին, թե որքան են վճարում Աշոտյանի ընտանիքի անդամները տրանպորտից օգտվելիս, նա ասել է, որ վճարում են 150 դրամ, իր խոսքով ՝այն սակագինը, որը որոշված է քաղաքապետի որոշմամբ, իսկ փոփոխություններ լինելու պարագայում իր ընտանիքի անդամները կվճարեն այնքան, որքան կորոշվի քաղաքապետի համապատասխան որոշմամբ:
Լիլիթ Թադեւոսյան