Ինչ մեղք է մեր երկիրը, որ ունի նման իշխանություն։ Ինչ մեղք ենք մենք, որ նման իշխանություն ունեցող երկրի քաղաքացիներ ենք։ Երկիր, որի համար իր քաղաքացին գրոշ էլ չարժե։ Երկիր, որը հանրապետության ամենաբարձր շենքի կտուրից թքած ունի իր քաղաքացու վրա։
Որտե՞ղ է Հայաստանի Հանրապետության նախագահը։ Ու՞ր են վարչապետը, Արտաքին գործերի նախարարը, Ազգային ժողովի նախագահը, մյուս նախարարները, Հայաստանի «փրկիչ և ապագա» Հանրապետական կուսակցության «փառահեղ» ներկայացուցիչները։
Ու՞ր են։ Ինչու՞ մինչև հիմա երկիրը հայտարարություն չի արել, նոտա գրել, բողոքել, դիմել բոլոր հնարավոր և անհնար ատյաններ, աղմուկ բարձրացրել, պահանջել, որպեսզի ՌԴ իշխանությունները ներողություն խնդրեն այս պահին քննչական մեկուսարանում գտնվող Հրաչյա Հարությունյանից, մի ամբողջ երկրի ժողովրդից՝ նրան նսեմացնելու ու խայտառակելու համար։ Թե՞ նախագահ Սարգսյանը յուր մանկլավիկների հետ համարում են, որ ոչինչ չի կատարվել։ Դե հիմա խալաթ է, կարևորը տկլոր չի եղել։ Դրա՞ն եք սպասում, որ նոր ինչ որ քայլեր ձեռնարկե՞ք։ Որտե՞ղ է ձեր թասիբը, տղամարդկային արժանապատվությունը։ Չէ՞ որ ռուս շովինիստների ու ռասիսզմով տառապող իշխանության համապատասխան մարմինների արած քայլը խեղճ ու կրակ Հրաչյա Հարությունյանին չէ ուղղված, ով հենց ձե՛ր մեղքով է մեկնել օտար երկիր՝ ընտանիքի խնդիրները հոգալու նպատակով, ձե՛ր վարած անտաղանդ ու ապաշնորհ քաղաքականության պատճառով է իր երկրի համար անպետք դարձել՝ ժամանակին կռվելով ձեր նմանների համար։
Հարվածը երկրին է ուղղված։ Երկրի ղեկավարներն էլ, ցավոք սրտի, դուք եք։ Իսկ դուք լռում եք։ Դուք լռում եք, ուրիշներն էլ մեզ նայում են ու մտածում «էս չե՞ն հայերը, մենակ մեծ–մեծ խոսել գիտեն»։
Ինչու՞ եք լռում։ Լավ, մանր–մունր իշխանավորները հասկացանք, բերանները ջուր կապած հնազանդ ոչխարների պես նայում են իրենց հովիվին՝ երկրի նախագահին։ Իսկ Դու՞ք, պարոն նախագահ, դուք ու՞մ եք նայում։ Մեր երկիրն ինչ–որ մեկից վախենու՞մ է։ Եվ վախենում է այն աստիճան, որ թույլ է տալիս սեփական քաղաքացուն դատարան բերել կանացի խալաթո՞վ։ Մինչև ե՞րբ է շարունակվելու նման քաղաքականությունը, վերջապես երկիրը ե՞րբ կսկսի մտածել յուր քաղաքացու մասին։ Հարցն այստեղ միայն Հրաչյա Հարությունյանի մասին չէ։ Բնակչության 2-3% կազմող հանցագործ ու հաստավիզ օլիգարխներից և վերջիններիս «ջեբի շներից» բացի, մյուսներն արդեն վաղուց չեն էլ երազում, որ հանրապետությունը պետք եղած դեպքում ապավեն կլինի իրենց։ Բոլորն ուղղակի փախչում են երկրից ու դեռ կփախչեն։ Է վե՞րջը։ Վերջում որ մարդ չմնաց, դուք, որ տզրուկի պես խմել ու խմում եք ժողովրդի արյունը, իրար ե՞ք լափելու։
Ձեզանից որևէ մեկը տեսե՞լ է, թե ինչպես դատեցին նորվեգացի մոլագար մարդասպանին, ով նպատակաուղղված 77 անմեղ մարդու գլուխ կերավ։ Նայեք նրա հագ ու կապը դատական նիստերի դահլիճում։ Սա այն «մարդն» է, որին քառատելը քիչ կլիներ։ Այդուհանդերձ։ Հիմա նայեք Հրաչյա Հարությունյանին։ Տարբերությունն ակնհա՞յտ է, թե՞ լրացուցիչ պարզաբանումների կարիք կա։ Մարդուն, անկախ նրա մեղքից, նսեմացնելու համար արվել է կոնկրետ քայլ։ Քայլ, որը խախտել է իրավական և մարդկային բոլոր նորմերը։ Կոպիտ ասած, փառահեղ ապտակ ժողովրդին։
Հետաքրքիր է, թե ինչ կանեին հայաստանյան ներկայիս իշխանությունները, եթե նրանցից որևէ մեկի բարեկամը նման կերպ բերվեր դատական նիստերի դահլիճ։ Նորի՞ց կլռեիք։ Վախը «մեծ եղբոր» նկատմամբ այնքան բարձր է, որ ամեն ինչ կուլ կտա՞ք։ Դժվար թե լռեիք, եթե ձեզանից որևէ մեկը նման իրավիճակում հայտնվեր։ Արդեն վաղուց վայնասուն էիք բարձրացրել։ Իսկ հիմա ձեզ միամտի տեղ եք դրել։
Ի դեպ, «պեչենու ծառի վրա» դուք միայնակ չեք։ Ձեզ է միանում տխրահռչակ Ռուսաստանի հայերի միությունը, որին Մոսկվայում բնակվող հայերի մեծամասնությունը «շատ է սիրում» իր «օգնող, օժանդակող, բոլորի համար միշտ դռները բաց» քաղաքականության համար։ Ինչպես ասում են, «պտուղը ծառից հեռու չի ընկնում»։ Ինչպիսի երկիր, այդպիսի հասարակական կազմակերպություն։
Կհարցնեք, ինչու՞ եմ այդպես գրում։ Այլ կերպ ինչպե՞ս։ Հուլիսի 18-ին, ըստ նախնական պայմանավորվածության, Ռուսաստանի հայերի միության էլեկտրոնային հասցեին ուղարկեցի 7 հարց՝ վերաբերող Հրաչյա Հարությունյանին։ Նույն օրը, ապա հուլիսի 19-ի գրեթե ամբողջ օրը զանգահարել եմ միություն՝ ճշտելու համար, թե սույն կազմակերպությունը կբարեհաճի՞ պատասխանել իմ հարցերին։
Ուզում եմ նշել, որ նպատակս ընդամենը կազմակերպության մամուլի քարտուղարի կողմից էլեկտրոնային նամակ ստանալն էր՝ մեր հայրենակցին վերաբերող հարցերի պատասխաններով։ Ռուսաստանի հայերի միությունից և ո՛չ մեկը «լայեղ չարեց» մարդկային նորմալ վերաբերմունք ցուցաբերել։ Ծանո՞թ են, արդյոք, վերջիններս, էթիկայի տարրական նորմերին։ Ինչի՞ և ու՞մ համար է ստեղծված Ռուսաստանի հայերի միությունը, երբ նույնիսկ նման պարագայում լռում է, արհամարհում, անտեսում։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ցանկացած լրագրող կարող է մեկ օրվա ընթացքում Սպիտակ տան պաշտոնական կայքում հարցազրույցի օր խնդրել վիցե–նախագահի հետ, ստանալ պատասխան՝արդեն նշանակված հարցազրույցի օրով։ Փաստորեն, Ռուսաստանի հայերի միության մամուլի քարտուղարն ի պաշտոնե ավելի բարձր դիրք է գրավում, քան ԱՄՆ–ի վիցե–նախագահը, կամ էլ ինքն իրեն է նման դիրքի կարգել։
Առա՛ջ, հայեր։
Եթե երկիրը և նրա կազմակերպությունները նման ձևով են վերաբերվում իր քաղաքացուն, նման պատասխան էլ պիտի ստանան և ըստ արժանվույն գնահատվեն։ Ասեմ ավելին։ Հայաստանից արտագաղթած մարդկանց մեծամասնությունը, համենայն դեպս իմ իմացած շրջանակներում, ատում է երկրի ներկայիս իշխանություններին։ Մնում է միայն զարմանալ վերջիններիս երեսի «պադոշի» հաստությանը, որ շարունակում են իրենց հակապետական քաղաքականությունը։ Ստորև ներկայացնում եմ մոսկվայաբնակ հայերի և ռուսների վերաբերմունքը Հրաչյա Հարությունյանին դատական նիստերի դահլիճ խալաթով բերելու փաստին։

Виктория Макарова, 32 года, заместитель коммерческого директора
«Момент неприятный. Человек должен отвечать за свое любое действие, но не в таком виде. Непонятно, почему его так привезли на заседание суда».

Արթուր Մարկոսյան, 28 տարեկան, մենեջեր
«Համբալ երկիր ա, գլխին ավանակներ են կանգնած, տենց էլ պտի լիներ, թքեմ իրանց նամուսին»։

Игорь Кузнецов, 35 лет, водитель
«Вопрос не ко мне, а к вашему руководству, что допускают такое. Это не нам должно быть стыдно, а вам».

Կարինե Մեսրոպյան, 25 տարեկան, օպերատոր
«Ինձ իմ ռուս ընկերուհիներն ու ընկերները հարցնում են Հրաչյայի պահով, ես չգիտեմ ինչ ասեմ։ Ամոթ է։ Օր օրի համոզվում եմ, որ ճիշտ եմ արել՝ գալով Մոսկվա։ Ցավոք սրտի, մենք մեր երկրին պետք չենք»։

Виктор Абрамов, 30 лет, бизнесмен
«Я по национальности - еврей, но живу в Москве. Если бы так поступили с моим соотечественником, моя страна порвала бы любое другое государство и потребовала бы официальное извинение. Я видел фото в интернете. Жалко этого человека, даже при том, что он участник аварии. Его глаза много о чем говорят».

Արման Հարությունյան, 26 տարեկան, առաքիչ
«Ախպեր, մերը էշ երկիր ա, էշ էլ ղեկավարություն։ Մենակ դեմքերին նայես, արդեն ամեն ինչ պարզ ա։ Իրանք իրանց պատասխանը մի օր կտան, մեր առաջ չէ, Աստծո առաջ։ Իրանք արդեն դժոխքի «պուտյովկեն» ազնիվ ձևով աշխատել են»։

Իմ համաքաղաքացու խոսքերով էլ կուզենամ ավարտել հոդվածը, ավելացնելով միայն այն, որ եթե Հայաստանի ներկայիս վիճակի մեղավորներն արդեն իսկ վերոհիշյալ «պուտյովկեքը» ձեռք են բերել, ապա մուտքը միայն կանացի խալաթներով։

ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ