Եգիպտոսի իշխանությունները որոշել են խստացնել իրենց երկիր մուտք գործելու պայմանները 50 պետությունների քաղաքացիների համար, որոնց թվում՝ Թուրքիայի. գրում է թուրքական Hürriyet պարբերականը՝ հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրներին:
Ինչպես գրում է պարբերականը, նախկինում Թուրքիայի քաղաքացիները Եգիպտոսի վիզան ստանում էին հենց սահմանին: Իսկ այժմ, համաձայն նոր օրենքների, վիզայի համար անհրաժեշտ է դիմել նախօրոք:
Նախագահ Մուհամմեդ Մուրսիի տապալումից հետո Եգիպտոսի իշխանությունները համանման որոշումներ կայացրին Սիրիայի, Պաղեստինի և Եմենի քաղաքացիների նկատմամբ:
Նշենք, որ Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում այն բանից հետո, երբ Մուրսիի տապալումը Անկարան որակեց որպես ռազմական հեղաշրջում և հայտարարեց, որ Եգիպտոսի իշխանությունները օրինական չեն: