Lragir.am. Հայ-թուրքական սահմանին թուրք հովվի սպանությանը պաշտոնական Անկարայի պատասխանը բավական կոշտ է եւ դրա մեջ նույնիսկ թաքնված են որոշակի սպառնալիքներ: Անկարան հայտնում է, որ «անհանդուրժելի է պատահաբար սահմանը հատելու հետեւանքով Թուրքիայի անմեղ քաղաքացու սպանությունը»:
Միեւնույն ժամանակ, Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել Երեւանին խելամտություն ցուցաբերել հարեւանների հետ հարաբերություններում՝ տարածաշրջանային կայունության համար:
Փաստորեն, հայ-թուրքական սահմանին արձանագրված միջադեպը վերածվում է միջպետական դիվանագիտական սկանդալի: Պաշտոնական Երեւանն առայժմ չի արձագանքել տեղի ունեցածին:
Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը, որն իրականացնում է հայ-թուրքական սահմանի պահպանությունը, հայտարարել է, թե հովիվը ոչ միայն խախտել է սահմանը, այլ կրակել սահմանապահների վրա: Թե երբ ռուս սահմանապահները կներկայացնեն կրակելու անհերքելի ապացույցներ, պարզ չէ: Նրանք հայտարարում են, որ քննություն է կատարվում: Եթե հովիվը կրակել է, ապա պետք է որ ներկայացվի առնվազն այն զենքը, որով նա կրակել է, որովհետեւ զենքը չէր կարող ցնդել:
Իսկ առայժմ պարզ է, որ տեղի ունեցածն իր ձեռքին զենք է դարձնելու Թուրքիան, որը շատ ունի դրա կարիքը՝ դատելով թե ներքին, թե արտաքին լուրջ խնդիրներից:
Հատկապես հետաքրքրական է, որ հայ-թուրքական սահմանային միջադեպն արձանագրվում է այն ժամանակահատվածում, երբ հայտարարվել է Հայաստանի ու Եվրամիության միջեւ Ասոցացման համաձայնագրի եւ Ազատ առեւտրի գոտու վերաբերյալ բանակցության ավարտի մասին: Այստեղ ուշագրավ է մասնավորապես այն, որ վերջին շրջանում Հայաստանն այդ գործընթացում պաշտոնապես առաջ էր քաշել հենց հայ-թուրքական սահմանի խնդիրը, հայտարարելով, որ Եվրամիության հետ Ասոցացման եւ Ազատ առեւտրի գործընթացը չի կարող լիարժեք լինել, քանի դեռ փակ է Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը՝ ով եւս Եվրամիության մաքսային ռեժիմի մաս է:
Փաստացի, Հայաստանն անուղղակի կերպով պայման էր դնում Եվրամիության առաջ: Դրան ի պատասխան, Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Երեւանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե ոչ ոք թող չկասկածի, որ Եվրամիությունն ամեն առիթով Թուրքիային հիշեցնելու է, որ Եվրոպայի անդամ լինելը նշանակում է լավ հարեւանություն անել: Փաստորեն, Եվրամիությունն առնվազն քաղաքական իմաստով ընդունում է Հայաստանի բարձրացրած խնդիրը, որում կողմերի միջեւ կարծես թե կա որոշակի փոխըմբռնում, եթե հայտարարվում է բանակցության ավարտի մասին:
Եվ ահա այդ ֆոնին տեղի է ունենում սահմանային միջադեպ, երբ Հայաստանը փորձում է Եվրոպայի օրակարգում արդիականացնել հայ-թուրքական սահմանի խնդիրը: Ընդ որում, միջադեպը տեղի է ունենում հայկական կողմում՝ սպանվում է թուրք սահմանախախտը: Սահման խախտելն իհարկե հանցագործություն է, պետական անվտանգության դեմ ոտնձգություն, բայց սպանությունն իհարկե չափազանց լուրջ բան է կանխարգելող կամ արգելակող միջոց ընտրվելու համար:
Թուրքիան փաստորեն լրացուցիչ փաստարկ է ստանում այդ գործընթացին դիմագրավելու համար: Եվ այդ փաստարկը Թուրքիային տալիս են ռուս սահմանապահները, որոնք սահմանախախտ հովվին բռնելու փոխարեն, նրան պարզապես սպանում են:
Ավելին, այստեղ կա մեկ այլ խնդիր: Հունցվում է տեսակետ, որ թուրք հովիվն իրականում հովիվ չի եղել եւ ունեցել է Հայաստանի սահման ներթափանցելու այլ պատճառներ, ինչի վկայությունն էլ այն է, որ նա կրակել է սահմանապահների վրա՝ ինչպես պնդում են ռուս սահմանապահները:
Այդ դեպքում առավել եւս պետք չէր սպանել նրան: Նման դեպքերում պետք է ամեն ինչ անել սահմանախախտին ողջ որսալու եւ նրա այսպես ասած այցելության նպատակները պարզելու համար: Դա է պահանջում պետական անվտանգության պահպանության տրամաբանությունն ու պրոֆեսիոնալիզմը: Այդ տարբերակի դեպքում, նաեւ, սահմանը հսկող ռուս սահմանապահները զենքն արդեն ոչ թե Թուրքիային, այլ Հայաստանին կտային:
Հետեւաբար, այստեղ կամ առկա է սահմանապահների պրոֆեսիոնալիզմի խնդիր, երբ նրանք չեն կարողանում վնասազերծել մի սահմանախախտի՝ որը հազիվ թե լինել Ռեմբոյի հանդերձանքով ու սպառազինությամբ, կամ էլ հայ-թուրքական սահմանը հսկող ռուս սահմանապահները բնականաբար առաջնորդվում են ոչ թե Հայաստանի պետության, այլ իրենց պետության՝ Ռուսաստանի պետական անվտանգության տրամաբանությունից ելնելով:
Հետեւանքն այն է, որ հասունանում է հայ-թուրքական, ոչ թե ռուս-թուրքական սկանդալ: Իսկ դա ներկայիս իրավիճակում Հայաստանին բացարձակապես անհրաժեշտ չէ, քանի որ սկանդալի բնույթն ամենեւին Հայաստանի օգտին չէ, եւ Թուրքիային ընդամենը հնարավորություն է տալիս հակադարձել հայ-թուրքական սահմանը փակ պահելու մեղադրանքներին կամ դիտողություններին՝ թե ընդհանրապես ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, թե Եվրամիության հետ հարաբերության խորացման գործընթացում:
Թեեւ սահմանախախտին գնդակահարել են ռուս սահմանապահները, որոնք պաշտոնապես իրականացնում են սահմանապահ ծառայությունը, բայց բնական է, որ պատասխանատուն Հայաստանի Հանրապետությունն է: Բնական է, որ Թուրքիան Հայաստանից պետք է պատասխան պահանջի, ոչ թե Ռուսաստանի սահմանապահ Դաշնային ծառայությունից: Եվ այստեղ կարծես թե բախվում ենք շատ ավելի լայն խնդրի հետ, որ Հայաստանի պարագայում առկա է անկախ պետականության երկու տասնամյակի ընթացքում: Կարեւորագույն ռազմա-քաղաքական եւ անգամ աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող սահմանային հատվածը փաստորեն դուրս է Հայաստանի վերահսկողությունից, այն դեպքում, երբ այնտեղ տեղի ունեցող ճանճի տզզոցն անգամ հղի է միջպետական եւ նույնիսկ տարածաշրջանային նշանակության սկանդալով: Սա փաստորեն աբսուրդային իրավիճակ է:
Բացի այդ, միջադեպերը կարող են լինել սադրանք, սխալ կամ պատահականություն: Էականը տվյալ դեպքում դա չէ, այլ այն, որ այլ երկրի պետական ծառայության սխալների կամ դիտավորության համար պետք է պատասխան տա Հայաստանը: Այստեղ խնդիրն ամենեւին Թուրքիայից վախենալը չէ, այլ իրավիճակն իր տրամաբանությամբ ընդհանրապես, որը Հայաստանին դնում է շատ խոցելի վիճակում, հայ-թուրքական սահմանի հատվածը փաստորեն պահելով որպես Հայաստանի դեմ սադրանքի որջ: Ընդ որում, իրավիճակը սադրանքի վտանգի տակ է դնում նաեւ Ռուսաստանին, որովհետեւ նման միջադեպերով հնարավոր է տարածաշրջանային ապակայունացում հրահրել, իսկ պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա: 


Ջեյմս Հակոբյան