Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Աքսիս քորփորեյթ» իսպանական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակում քննարկվել են քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում մասնագիտացած ընկերության հետ հնարավոր համագործակցության հարցեր:
Ողջունելով հյուրերին և կարևորելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումները' Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում ձեռնարկված քայլերի արդյունքում կյանքի են կոչվել մի շարք համատեղ ծրագրեր:
«Երևանի քաղաքապետարանը մշտապես ողջունել է մասնավոր ընկերությունների ներգրավվածությունը՝ ի շահ Երևանի ու երևանցիների իրականացվող ծրագրերում: Տարբեր երկրներում ձեր ընկերության կողմից ծավալած գործունեությունն ու կուտակած փորձը, վստահ եմ, փոխշահավետ համագործակցության հնարավորություն կընձեռի: Եվ վստահեցնում եմ, որ մենք բաց և պատրաստակամ ենք համագործակցության համար»,- ընդգծել է քաղաքապետը: Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ Երևանի քաղաքապետարանն այսօր հետաքրքրված է, մասնավորապես, հասարակական տրանսպորտի ոլորտում միասնական տոմսի ներդրման հարցում և հույս է հայտնել, որ իսպանական փորձառու ընկերությունը կկարողանա որոշակիորեն օգտակար լինել այդ հարցում:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հանդիպման և համագործակցության պատրաստակամության համար' «Աքսիս քորփորեյթ» ընկերության բաժնետեր Անտոնիո Ասենսիոն նշել է, որ տրանսպորտի ոլորտի բարեփոխումների իրենց մոտեցումները ներառում են զարգացման այնպիսի ռազմավարություն, որը հիմնված է մի քանի գործոնների զուգահեռ ակտիվացման վրա:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորելու համատեղ աշխատանքային խումբ և քննարկել փոխգործակցության առաջարկների ամբողջական փաթեթը: