Tert.am - Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հանդես է եկել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում համապատասխան լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին ՀՀ դեսպանների գործունեության մասին տեղեկություն ստանալու հնարավորություն տալ:
Tert.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը, պատգամավորը պատասխանեց ասելով.«Այն նկատառումից ելնելով, որ պետք է համակարգային և ինստիտուցիոնալ աշխատանք, գործնական մոդելի հարաբերություններ, մթնոլորտ, մշտական կապ, որպեսզի համատեղ աշխատանքի կտրվածքով ընդհանուր մոտեցումներ ձևավորենք»:
Նշենք, որ վերջին շրջանում մամուլում եղան տեղեկություններ, որ ԵՄ երկրներում ադրբեջանական դեսպանատները շատ մեծ հաջողությունների են հասնում, քան հայաստանյանները՝ կանխելով եվրոպական կառույցներում հայանպաստ բանաձևերի, զեկույցների ընդունումը, և հակառակը, հասնում ադրբեջանամետների ընդունմանը:
Անգամ եղան հրապարակումներ, որ մեր դեսպանատների աշխատողների հիմնական ֆունկցիան օդանավակայան եկած բարձրաստիճան պաշտոնյաների կանանց ճամպրուկները քարշ տալն է կամ նրանց խանութներ ուղեկցելը:
Թևան Պողոսյանը վերը նշվածի հետ բացարձակապես համամիտ չէ, քանի որ ասաց.«Երբևէ չեմ համարել, որ մեր դիվանագետները ճամպրուկ տանող-բերողներ են, իրենք ինստիտուտ են ներկայացնում»:
Ինչ վերաբերում է ադրբեջանական դեսպանատներին վերագրված կամ, միգուցե, իրական հաջողություններին, ապա պատգամավորը կարծիք հայտնեց, որ խնդիրը ֆինանսական ռեսուրսների ու հնարավորությունների մեջ է:
«Տեղ կա՝ ադրբեջանական դեսպանատունը 25 աշխատակից ունի, մենք՝ 2: Գիտե՞ք ինչպես են աշխատում ադրբեջանական դիվանագետները, ինչ նավթադոլարային ֆինանսական միջոցներ են ներդնում և նվերներ են բաժանում: Այնպես որ, արդար չէ ամենի ինչ այդպես միագիծ ներկայացնել»,– ասաց նա: