ՀԱՍՆԵՆՔ ԲԱՔՈՒ (ՀԲ)

Պատմում է Կարեն Դարբինյանը

Հանգստյան մի օր պաշտպանության նախարար Վազգեն Աարգսյանի մեքենան մոտենում է Սեյրան Սարոյանի հրամանատարությամբ գործող զորամասի դարպասներին։ Մեքենան վարում է քաղաքացիական հագուստով նախարարը։ Հերթապահ զինվորը ներկայանում է, ապա խնդրում սպասել, մինչ կզեկուցի հրամանատարին։
- Տղա ջան, դու ինձ չե՞ս ճանաչում,- հարցնում է նախարարը։
- ճանաչում եմ, պարոն նախարար, բայց հրամանատարն այդպես է կարգադրել, առանց իրեն տեղյակ պահելու զորամասի տարածք ոչ մեկին թույլ չտալ։
- Զեկուցիր, տղա ջան,- ասում է նախարարը, ու ժպիտը դեմքին, համբերատար սպասում։

Հրամանատարը ներկայանում է նախարարին, զեկուցում: Հետո նախարարը ասում է.
- Հերթապահ զինվորին կներկայացնես արձակուրդի, արժանի զինվոր է։
Հետո անկաշկանդ զրույց է սկսվում շարահրապարակում հավաքված զինվորների հետ։

Այդ օրերին հայոց բանակի զինվորների գոտու ճարմանդին գրված էր ՀԲ (հայկական բանակ)։ Նախարար Վ. Սարգսյանը դիմում է մի զինվորի.
- Գիտե՞ս, թե ի՞նչ են նշանակում այդ տառերը։
Զինվորը խրոխտ առաջ է գալիս ու բացում հապավումը..
- Պարոն նախարար, ՀԲ-ն նշանակում է՝ Հասնենք Բաքու։

Շարահրապարակով մեկ լսվում է Վ. Սարգսյանի բարձր ծիծաղը, գրկում է զինվորին, ու դառնալով հրամանատար Սեյրան Սարոյանին ասում է.
- Ապրես, Սեյրան, դուխով զինվորներ ունես։ Մեր էս քաջարի զինվորն էլ է արժանի արձակուրդի։