20-ամյա Մեսրոպ Մաքոյանի առանձին դաժանությամբ խմբակային սպանության 8 տարվա վաղեմության աղմկահարույց գործի վերջին մասն ևս ստացավ իր դատական հանգուցալուծումը՝ մայր գործի պես կայացվեց մեղադրական դատավճիռ:
Այսպես, 2005թ-ի օգոստոսի 11-ին' ժամը 01-ի սահմաններում, Մեսրոպ Մաքոյանը Մարինե Հակոբյանին ուղեկցել է տուն և վերջինիս շենքի բակում հանդիպել եղբայրներ Զավեն և Վլադիմիր Մկրտչյաններին, Հրաչ Սահակյանին և նույն թաղամասի բնակիչ Մելքոն Վարդանյանին։ Վլադիմիր Մկրտչյանը նախատել է Մարինե Հակոբյանին չբարևելու համար և զրույցի բռնվել վերջինիս, ապա նաև Մեսրոպ Մաքոյանի հետ։ Հրաչ Սահակյանը՝ «արա»-ով դիմելով Մաքոյանին, նրանից պահանջել է հեռախոսը, սակայն Մաքոյանը, նախատելով Սահակյանին իրեն անունով չդիմելու համար հրաժարվել է և չի տվել հեռախոսը։ Զավեն Մկրտչյանը և Հրաչ Սահակյանը նշված չնչին առիթով սկսել են վիճաբանել Մեսրոպ Մաքոյանի հետ, որի ընթացքում մոտ 5 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել Մաքոյանի հասցեին և քաշքշել նրան։ Այդ ընթացքում աղմուկի և հայհոյանքների ձայները լսելով' հավաքվածներին մոտեցել են Վլադիմիր Մկրտչյանի ընկեր Սերոբ Տեր-Մելիքսեթյանը, նրա եղբայր Տիգրան Տեր-Մելիքսեթյանը, Վահե Խաչատրյանը և Արման Զաքոյանը: Ապա քիչ անց Զավեն Մկրտչյանը, Հրաչ Սահակյանը, Վլադիմիր Մկրտչյանն ու Սերոբ Խաչիկի Տեր-Մելիքսեթյանը չնչին առիթով ծագած վիճաբանությունը շարունակելով՝ շուրջ 5 րոպե տևողությամբ կրկին սեռական բնույթի հայհոյանքներ են տվել Մաքոյանին և խուլիգանական դրդումներով' ոտքերով ու ձեռքերով հարվածել են վերջինիս տարբեր մասերին։
Ըստ գործի նյութերի, չբավարարվելով տեղի ունեցածից՝ ականատեսներ Մարինե Հակոբյանի, Մելքոն Վարդանյանի, Տիգրան Տեր-Մելիքսեթյանի և Արման Զաքոյանի ներկայությամբ Վահե Խաչատրյանը, Զավեն Մկրտչյանը, Հրաչ Սահակյանը, Վլադիմիր Մկրտչյանն ու Սերոբ Տեր-Մելիքսեթյանը կրկին շուրջ 5 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել Մաքոյանի հասցեին և խուլիգանական դրդումներով, սպանելու անուղղակի դիտավորությամբ շարունակել են ոտքերով և ձեռքերով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին' վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ։ Դաժան ծեծի ենթարկելուց հետո Հրաչ Սահակյանն ու Վլադիմիր Մկրտչյանը բռնել են Մեսրոպ Մաքոյանի ձեռքերը, իսկ Վահե Խաչատրյանը և Սերոբ Տեր-Մելիքսեթյանը կանգնելով Մաքոյանի թիկունքում' զրկել են նրան պաշտպանվելու, փախչելու կամ ինքնուրույն որևէ գործողություններ կատարելու հնարավորությունից։ Այդ ընթացքում, ըստ մեղադրական եզրակացության, Զավեն Մկրտչյանը Մաքոյանին «մայր է հայհոյել» և պատասխան հայհոյանքն ստանալուց հետո, նրան կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, ձեռքին եղած դանակով յոթ անգամ հարվածելով Մաքոյանի կրծքավանդակի դիմային աջ և ձախ հատվածներին, մեկ անգամ ձախ արմնկահոդի հետին շրջանին' սպանել է նրան։ Զավեն Մկրտչյանի կողմից Մ.Մաքոյանին դանակով հարվածներ հասցնելու ժամանակ Վահե Խաչատրյանը և Սերոբ Տեր-Մելիքսեթյանը կանգնելով Մաքոյանի թիկունքում' զրկել են նրան պաշտպանվելու, փախչելու կամ ինքնուրույն որևէ գործողություններ կատարելու հնարավորությունից, այդ եղանակով օժանդակելով Հ.Սահակյանի, Զավեն և Վլադիմիր Մկրտչյանների կողմից սպանության կատարմանը։
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, քննվել ու 2013թ. օգոստոսի 5-ին կայացվել է դատավճիռ Վահե Խաչատրյանի դեմ առաջադրված մեղադրանքի շրջանակում: 34-ամյա Վահե Խաչատրյանը, ով արգելանքի տակ է գտնվում 2012թ. հուլիսի 6-ից, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ կետերով՝ առանին դաժանությամբ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանական դրդումներով սպանության օժանդակություն և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն։
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Վահե Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել՝ ցուցմունք տալով, որ դեպքի ժամանակ' 2005թ. օգոստոսի 10-ին, ժամը 18.00-ից մինչև օգոստոսի 11-ը, ժամը 08.00-ը գտնվել է աշխատանքի վայրում'«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության սառնարանային արտադրամասում։ Դատարանը, սակայն, գտել է, որ ամբաստանյալի պատճառաբանություններն անհիմն են և քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ են հետապնդում։
Ըստ վկա Մարինե Հակոբյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքների, 2005թ. օգոստոսի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում իրենց նախկին հարևան Տատյանա Մացեգորային տեսակցելու նպատակով գնացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ժամը 22.00-ի սահմաններում հիվանդանոցից դուրս է եկել և տաքսի ավտոմեքենայով գնացել է ընկերուհու' Աղավնի Խուդոյանի տուն, որտեղ մոտ մեկ ժամ մնալուց հետո, դուրս է եկել, ավտոկանգառում իրեն մոտեցել է անծանոթ երիտասարդ և ներկայացել Մեսրոպ անունով։ Վերջինիս հետ գնացել է «Կարապներ» սրճարան, ապա նաև «Նիկա» բար-սրճարան։ Շուրջ մեկ ժամ անց դուրս են եկել այնտեղից և ժամը 24.30-ի սահմաններում գնացել են Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող իրենց տան բակ։ Ժամը 01.00-ի սահմաններում, վկան և տուժողը հանդիպել են թաղամասի բնակիչներ Հրաչ Սահակյանին, Զավեն Մկրտչյանին, Վլադիմիր Մկրտչյանին և Մելքոն Վարդանյանին։ Վլադիմիրը նախատել է իրեն չբարևելու համար, որից հետո սկսել է անիմաստ զրույց վարել Մեսրոպի հետ։ Վկան իր ցուցմուքներով հաստատել է մեղադրական եզրակացությունը՝ սպանության հանգեցրած դաժան ծեծի մասին:
Վկան հայտնել է, որ ինքը պահանջել է, որպեսզի տղաները հեռանան շենքի բակից։ Իր պահանջից հետո, բոլորով գնացել են թիվ 173 միջնակարգ դպրոցի բակ, որտեղ Հրաչը, Զավենը, Վլադիմիրն ու Սերոբը, շարունակելով վիճաբանությունը, կրկին հայհոյանքներ են տվել Մեսրոպին, որից հետո ոտքերով ու ձեռքերով հարվածներ են հասցրել նրան։ Ծեծի ընթացքում ինքն ու Մելքոնը պահանջել են դադարեցնել ծեծկռտուքը, սակայն Հրաչը, Զավենը, Վլադիմիրն ու Սերոբը շարունակել են հայհոյել և հարվածել Մեսրոպին։ Քիչ անց Վլադիմիրի պահանջով իրենք տեղափոխվել են Չեխովի փողոցի թիվ 29 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակների մոտ, որտեղ իր, Մելքոնի, Տիգրանի և Արմանի ներկայությամբ Հրաչ Սահակյանը, Զավեն Մկրտչյանը, Վլադիմիր Մկրտչյանը, Սերոբ Տեր-Մելիքսեթյանն ու Վահե Խաչատրյանը դարձյալ հայհոյանքներ են տվել Մեսրոպ Մաքոյանի հասցեին և շարունակել են ոտքերով ու ձեռքերով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին։ Հարվածներից Մեսրոպն ընկել է գետնին։ Ինքը, Մելքոնը և Տիգրանը խնդրել են դադարեցնել ծեծը, սակայն ծեծողներն անտեսել են իրենց խնդրանքները և շարունակել են ոտքերով հարվածել գետնին ընկած Մեսրոպին։ Երբ վերջինս բարձրացել է, տղաները շարունակել են հարվածել և հայհոյել նրան։ Այն ժամանակ, երբ Հրաչը և Վլադիմիրը բռնել են Մեսրոպի ձեռքերը, իսկ Սերոբն ու Վահեն կանգնել են նրա թիկունքում, Զավենը «մայր է հայհոյել» Մեսրոպին և ստանալով պատասխան հայհոյանքը' ձեռքին եղած դանակով երկու անգամ հարվածել է Մեսրոպի կրծքավանդակի դիմային հատվածին։ Դա տեսնելով՝ ինքը վախից թաքնվել է իրենց շենքի հարևանությամբ գտնվող աղբարկղների մոտ։ Այնտեղից տեսել է, որ Մեսրոպը դժվարությամբ մոտեցել է Չեխովի փողոցին և վայր ընկել, որից հետո բոլոր տղաները դիմել են փախուստի, իսկ Զավենը, մոտենալով ընկած Մեսրոպին, կռացել է նրա վրա և բղավել. «Եկեք ձեր մեռելը տարեք»։
Նշված ցուցմունքները վկան պնդել է Վահե Խաչատրյանի հետ 2012թ. օգոստոսի 1-ին առերես հարցաքննության ժամանակ։
Ծեծկռտուքի ու սպանության մասին նախաքննության ընթացքում նույնաբովանդակ ցուցմունքներ է տվել նաև վկա Մելքոն Վարդանյանը: Վկան, մասնավորապես, նշել է, որ «Վլադիմիրի պահանջով բոլորով տեղափոխվել են Չեխովի թիվ 29 շենքի աջակողմյան ավտոտնակների մոտ, որտեղ Զավենը, Վլադիմիրը, Հրաչը, Սերոբը և Վահեն հայհոյել են Մեսրոպին և ոտքերով ու ձեռքերով սկսել են հարվածել նրա մարմնի տարբեր մասերին։ Մեսրոպը փորձել է պաշտպանվել, սակայն չի կարողացել։ Ծեծելու ընթացքում Զավենը Մեսրոպին մայր է հայհոյել և, երբ ստացել է պատասխան հայհոյանքը, ձեռքում գտնվող դանակով հարվածել է նրա կրծքավանդակին։ Զավենի կողմից Մեսրոպին դանակահարելու ժամանակ Հրաչը և Վլադիմիրը բռնել էին Մեսրոպի ձեռքերը, իսկ Սերոբն ու Վահեն կանգնած էին նրա թիկունքում»։
Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, տուժող Մեսրոպ Մաքոյանի մահը վրա է հասել արյան սուր կորուստից, որը հետևանք է կրծքավանդակի զույգ կեսերի ծակած-կտրած, թափանցող և չթափանցող վիրավորումների' ուղեկցված սրտապարկի, սրտի և թոքերի վնասումներով, ձախ վերին վերջույթի ծակած-կտրած վերքի, որոնք ուղեկցվել են արտաքին և ներքին արնահոսությամբ։ Կրծքավանդակի շրջանի ծակած-կտրած վերքը, որն ուղեկցվել է սրտապարկի, սրտի աջ նախասրտի թափանցող վնասումներով, կրծքավանդակի շրջանի ծակած-կտրած վերքերը, որոնք ուղեկցվել են աջ թոքի վնասումով, կրծքավանդակի շրջանի ծակած-կտրած վերքը, որն ուղեկցվել է ձախ թոքի վնասումով, կրծքավանդակի շրջանի ծակած-կտրած վերքը, ձախ վերին վերջույթի շրջանի ծակած-կտրած վերքն անմիջական պատճառահետևանքային կապի մեջ են գտնվում մահվան հետ։
Համաձայն դատաքիմիական ուսումնասիրության տվյալների՝ Մ.Մաքոյանի դիակից վերցված արյան և մեզի մեջ սպիրտ չի հայտնաբերվել։ Դատաքիմիական ուսումնասիրրւթյամբ Մ.Մաքոյանի դիակից վերցված արյան, մեզի լյարդի կտորների և լեղու մեջ թմրանյութերի շարքի ալկոլոիդներ չեն հայտնաբերվել։
Ըստ փորձագետի եզրակացության, փորձաքննության ներկայացված Մեսրոպ Մաքոյանի մայկայի վրա հայտնաբերված օտար բնական բամբակյա մանրաթելերն ունեն ընդհանուր սեռային պատկանելություն Հրաչ Սահակյանի վերնաշապիկի գործվածքի կազմի մեջ մտնող նմանատիպ մանրաթելերի հետ։ Փորձաքննության ներկայացված Զավեն Մկրտչյանի «Adidas» ֆիրմայի սպորտային անդրավարտիքի վրա հայտնաբերված օտար քիմիական հարթ սև գույնի մանրաթելերն ունեն ընդհանուր սեռային պատկանելություն Մեսրոպ Մաքոյանի մայկայի գործվածքի կազմի մեջ մտնող նմանատիպ մանրաթելերի հետ։
Փորձաքննությանը ներկայացված անթև մայկայի առաջամասում առկա են թվով 7 ծակած-կտրած բնույթի վնասվածքներ, իսկ Մ.Մաքոյանի դիակի կրծքավանդակի և ձախ վերին վերջույթի վրա հայտնաբերվել են թվով 6 ծակած-կտրած բնույթի վնասվածքներ, որոնցից մայկայի վրա առկա թիվ 1,2,3,4,5 վնասվածքներն իրենց տեղակայություններով դիրքերով, անկյունների բնույթով և ուղղվածություններով համապատասխանում են Մ.Մաքոյանի դիակի վրա հայտնաբերված թիվ 1,2,3,4,5 ծակած-կտրած բնույթի վնասվածքներին։ Մ.Մաքոյանի մայկայի և նրա դիակի վրա հայտնաբերված ծակած-կտրած բնույթի վնասվածքները, ըստ ազդող գործիքի շեղբի ներթափանցման մակարդակների, կարող էին պատճառվել միևնույն, միակողմանի սուր սայր ունեցող ծակող-կտրող գործիքի' դանակի ներգործություններից։
Վերլուծելով գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցները, դատարանը հաստատված է համարել Վահե Խաչատրյանի և մի խումբ անձանց կողմից 2005թ. օգոստոսի 11-ին, ժամը 01.00-ից մինչև 02.00-ն ընկած ժամանակահատվածում խուլիգանություն կատարելու փաստը։ Դատարանը հաստատված է համարել նաև Վահե Խաչատրյանի կողմից 2005թ. օգոստոսի 11-ին, ժամը 02.00-ի սահմաններում, խուլիգանական դրդումներով և առանձին դաժանությամբ մի խումբ անձանց կողմից Մեսրոպ Մաքոյանին կյանքից զրկելուն օժանդակելու փաստը։
Վահե Խաչատրյանն, այսպիսով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ կետերով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով դատապարտվել 8 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։
Նշենք, որ Երևանի քրեական դատարանը՝ վերոհիշյալ դատավոր Ա.Ազարյանի նախագահությամբ և դատավորներ Մ.Մարտիրոսյանի ու Ե.Դարբինյանի մասնակցությամբ, 2009թ. փետրվարի 4-ի դատավճռով Հրաչ Սահակյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել 15 տարվա ազատազրկման, ընդ որում, այս պատժաչափի մաս է կազմել նաև Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2005թ. ապրիլի 22-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասը։ Զավեն Մկրտչյանը նույն դատավճռով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ կետերով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել 15 տարվա ազատազրկման:
Վլադիմիր Մկրտչյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ կետերով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել 11 տարվա ազատազրկման:
Սերոբ Տեր-Մելիքսեթյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ կետերով և դատապարտվել 10 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ քրեական դատարանի՝ դատավոր Ս.Համբարձումյանի նախագահությամբ, 2009թ. մայիսի 11-ի որոշմամբ Ս.Տեր-Մելիքսեթյանին առաջադրված մեղադրանքը և նշանակված պատժաչափն որոշակի փոփոխություն էր կրել, նա մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ կետերով՝ սպանության օժանդակություն և դատապարտվել 9 տարվա ազատազրկման: