Վաղը' օգոստոսի 25-ին, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների դրամատիկ դատավարության հերթական փուլն է, հայոց նորագույն պատմության ամենաամոթալի էջերից մեկը: Քաղբանտարկյալների առկայությունն ու այլախոհության ճնշումը այն քաղաքացիական զարթոնքի ֆոնին, որը ամբողջ աշխարհում աննախադեպ թափ է հավաքել, պարզապես քաղաքական անհեռատեսության արդյունք է: Ազատության մեջ հայտնվելով՝ Տիգրան Առաքելյանն ու իր ընկերները, մեծ հաշվով, քաղաքական ալեկոծության ալիք չեն կարող բարձրացնել, սակայն նրանց պահելով անազատության մեջ՝ Հայաստանի առջև ծագում են լրացուցիչ միջազգային պարտավորություններ: Քաղաքական ազատությունները, անկախ կոսմետիկ բարեփոխումներից, շարունակում են աչք ծակել շինծու և արհեստական գոյությամբ:
Իրական ազատությունների երկրում քաղբանտարկյալների մասին պետք է նշվի բացառապես պատմության դասագրքերում: Ի դեպ, այն, որ Տիգրան Առաքելյանը և իր ընկերները հետապնդվում են իրենց քաղաքական գործունեության համար, արդյունք է այն անտարբեր վերաբերմունքի, որը ցույց են տալիս հայաստանյան ընդդիմության տարբեր թևերը: Ի վերջո, քաղբանտարկյալը միայն կոնգրեսինը չէ, քաղբանտարկյալը բոլորինս է, բոլոր իրեն հարգող քաղաքացիներինը, որովհետև այլախոհությունը մարդու բնական իրավունքն է, իսկ եթե որևէ մեկը մեր պետության մեջ հետապնդվում է այլախոհության համար՝ մենք մեր լռությամբ իրավունք ենք տալիս, որ մեր նկատմամբ էլ կիրառվեն նույն հետապնումները: Իսկ քաղաքական ուժերը խորը քնած են, ասես մի որևէ գրպանահատի են դատում:
Հայաստանի իշխանություններ, պարզապես սթափ գնահատեք պահը և դադարեցրեք քրեական հետապնդումը:
Կատարեք այդ քայլը հանուն երկրի վարկանիշի...
Կատարեք հանուն երկրի ներքին անդորրի...
Միջազգային կառույցներին պաս մի տվեք այն գնդակը, որով գոլ են խփելու ձեր դարպասը...
Մի ընկճեք իմ սերնդի ներքին ընդվզումը...
Այդ ընդվզումը նաև ձեր զավակների ու թոռների արժանապատիվ գոյության գրավականն է...
Վաղվա դատավարությունը ձեր շանսն է՝ Հայաստանը մի քանի կետով առաջ մղելու համար...
Վաղը Տիգրան Առաքելյանը պետք է ազատ արձակվի...
Վարուժան Բաբաջանյան