Tert.am - Հունիսի 25-ին Գյումրիի դատախազությունում քաղաքացի Գոհար Հովհաննիսյանի և Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանի միջև տեղի ունեցած վեճից հետո տիկինը հաղորդում էր տվել Ոստիկանություն իրեն վիրավորելու և դատախազության շենքում քաշքշելու վերաբերյալ: Գոհար Հովհաննիսյանը լրատվամիջոցներին տեղեկացրել էր, որ դատախազ Կարեն Շահբազյանն իրեն վիրավորել է աթոռին առանց թույլտվության նստելու համար և հրահանգել աշխատակիցներին դուրս հանել շենքից:

Tert.am-ը զրուցեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանի հետ: Վերջինս ասաց, որ Գոհար Հովհաննիսյանը սուտ մատնության համար 1995թ.-ին դատապարտվել է, և դա նրան բնորոշ գործելաոճ է: Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում հայտնված տեղեկությանը, թե Հատուկ քննչական ծառայությունում օրերս քրեական գործ է հարուցվել իր դեմ, Շիրակի մարզի դատախազը նշեց, որ գործ հարուցվել է կատարված փաստի առթիվ: «Ես այդ դեպքից հետո զեկուցագիր եմ գրել և գործ հարուցվել է փաստի առթիվ»:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր. «Հատուկ քննչական ծառայությունում օրերս քրեական գործ է հարուցվել Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանի դեմ։ Ավելին, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ Գյումրու իր լավատեղյակ աղբյուրներից, դատախազին նույնիսկ մեղադրանք է առաջադրվել։ Նկատենք, որ սա առաջին դեպքն է, երբ գործ է հարուցվում և մեղադրանք առաջադրվում գործող դատախազին»։