Հայաստանի «Քարերի Սիմֆոնիա» զբոսաշրջային պաստառը ՄԱԿ ԶՀԿ մրցույթի Եվրոպա կատեգորիայի հաղթող ճանաչվելը ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը համարում է միջազգային շուկայում երկրի ներկայացմանն ուղղված լուրջ հաղթանակ:

«Իհարկե, դա մեր տուրիզմին զարկ տվող քայլ է, դա նախ երկրի լրացուցիչ և յուրատեսակ գովազդ է»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2013թ. «Vettor Giusti» զբոսաշրջային պաստառների մրցույթում' Եվրոպա կատեգորիայում, հաղթող ճանաչվեց Հայաստանը:

Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ Հայաստանի պաստառը եվրոպական տարածքում հաղթող ճանաչվելու փաստը տեղադրվելու է ՄԱԿ ԶՀԿ-ի պաշտոնական կայքում և երկու տարի շարունակ, մինչև Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հաջորդ նստաշրջանը մնալու է կայքում, ինչպես նաև Մադրիդում ՄԱԿ ԶՀԿ-ի գլխավոր գրասենյակի նախասրահում նույնպես փակցված է լինելու:

«Բացի այդ, դա հայտարարվել է գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ, բոլոր մասնակից պետությունների ներկայացուցիչների, այսինքն՝ համաշխարհային զբոսաշրջության արդյունաբերության ներկայացուցիչների մի հոծ բազմության առջև»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է մրցակցությանը, զբոսաշրջության վարչության պետը վկայեց, որ այն բավականին լուրջ էր. «Օնլայն քվեարկություն է եղել, ամբողջ աշխարհն առցանց քվեարկել է և այդ պայմաններում է, որ Հայաստանի պաստառը Եվրոպայում լավագույնն է ճանաչվել»:

Որպես բնության յուրատեսակ հուշարձան, «Քարերի սիմֆոնիայի» պահպանման մասին Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այդ մասով ժամանակին եղել է խնդիր , բայց հիմա դա արդեն լուծված է, և «Քարերի սիմֆոնիան» արդեն ընդգրկված է բնության հուշարձանների ցանկում, այսինքն՝ օրենքով արդեն պաշտպանված է:

«Այդ խնդիրը վաղուց վերացած է, հուշարձանն օրենքով պաշտպանված է, մնում է նաև մենք, այնուամենայնիվ, հասկանանք, որ բոլորիս սիրտը պետք է ցավա և բոլորս պետք է ընդհանրապես մեր պատմամշակութային հուշարձանների, բնության հուշարձանների նկատմամբ սրտացավ վերաբերմունք ունենանք և պահպանենք»,- եզրափակեց նա:

Լուսանկարը՝ ֆոտոլուր-ի