Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների համագումարը, որին մասնակցում է նաև ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Վերահսկիչ մարմինների քննարկման հիմնական թեման գյուղատնտեսության ոլորտում իրականացվող վերահսկողության խնդիրներն էին:
Իշխան Զաքարյանն իր ելույթում գործընկերներին առաջարկեց ուժեղացնել համագործակցությունը հատկապես գյուղատնտեսական ծրագրերի շրջանակներում իրականացվող պետական գնումների ոլորտում:
ԱՊՀ երկրների վերահսկիչները համաձայնվեցին գյուղատնտեսության ոլորտը պահել իրենց ուշադրության կենտրոնում, իրականացնել այդ ոլորտում երկկողմ և բազմակողմ համատեղ վերահսկողական շատ միջոցառումներ և խորհրդակցություններ:
Համագումարի ընթացքում Իշխան Զաքարյանն ու Ղազախստանի բարձրագույն վերահսկիչ մարմնի նախագահ Մուսինը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր:
Վերահսկիչ կառույցները, բացի մասնագիտական թեմաներից, քննարկեցին նաև կազմակերպչական և կանոնադրական մի շարք խնդիրներ, մասնավորապես' որոշվեց հաջորդ համագումարը հրավիրել Մոլդովայում, իսկ 2015-ին' 15-րդ հոբելյանական համագումարը՝ Հայաստանում:
Աստանայում մեկնարկած համագումարի աշխատանքների ավարտից հետո Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ իր արաբ գործընկերոջ հետ կքննարկի դեռևս Երևանում կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում նախատեսվող մի շարք համատեղ ծրագրեր: