www.tert.am Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը այս տարվա հոկտեմբերին ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացնի Սևանա լճում ցանցավանդակային ձկնաբուծության ծրագիր: Նման հանձնարարական է տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Գեղարքունիքի մարզում հրավիրված հանձնաժողովի նիստին, որ մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը՝ ավելացնելով, որ նախատեսվում է մինչև 2021թ-ը արտադրել, վերամշակել ու վաճառել 50 հազ. տոննա իշխան ձուկ:

 

Նա տեղեկացրեց, որ ցանցավանդակային ձկնաբուծության պիլոտային ծրագիրը իրականացվել է անցած տարի, որը տվել է իր դրական արդյունքը:

 

«Առաջին տվյալները հուսադրող են, որովհետև չի խախտում լճի էկոլոգիան, տնտեսապես արդյունավետ է ու հնարավորություն է ընձեռում լճի մյուս խնդիրները ևս լուծել: Կառավարության հաստատման դեպքում նախատեսվում է մինչև 2021թ-ը արտադրել, վերամշակել ու վաճառել 50 հազ. տոննա իշխան տեսակի ձուկ»,- ասաց նա:

 

Վլադիմիր Մովսիսյանը տեղեկացրեց, որ նախագահին հավաստիացրել է, որ ներկայումս շարունակվում ափամաքրման աշխատանքները:

 

«Անցյալ տարվա ընթացքում մաքրվել է 1612 հա անտառային տարածքներ, որից 75 հա այս տարի, իսկ 95 հա տենդերի անցկացման ընթացքում է գտնվում: Ծախսվել է 813 մլն դրամ: Ինչ վերաբերում է ինժեներական ենթակառուցվածքներին, ապա այսօրվա դրությամբ ջրածածկվող տարածքներում դրանք չկան, բոլորը ապամոնտաժված, տեղափոխված են՝ էլեկտրահաղորդման գծերը, գազատարները, կոյուղագծերը և այլն»,- ասաց Վլադիմիր Մովսիսյանը և տեղեկացրեց, որ ավարտվել է երեք մաքրման կայանների աշխատանքները, որոնք այսօր գործում են:

 

Ինչ վերաբերում է Սևանա լճից ջուր բաց թողնելուն, ապա Վլադիմիր Մովսիսյանը նշեց, որ այս տարի այն կկազմի 170 մլն խմ ջուր:

 

«Արփա-Սևան թունելով այս տարի Սևան է տեղափոխվել 119 մլն խմ ջուր, որը 51 մլն-ով ավելի է քան անցած տարի: 1933-2002թ-ը Սևանի մակարդակը իջել է 19.8 մ, ապա դրանից հետո Սևանի մակարդակը բարձրացել է 4մ –ից 5 սմ-ով: Անցած 4 տարիների ընթացքում 142 սմ»,-ասաց Վլադիմիր Մովիսյանը: