www.lragir.am Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ասել է, որ ամեն առավոտ սկսում է աղոթքով, որ Աստված իրեն համբերություն եւ կամք տա ռազմավարական հարեւանի հետ շփվելու համար:
Յանուկովիչն ասել է, որ Կրեմլում ու Գազպրոմում վիրավորում են ոչ թե պարզապես նախագահին, այլ ողջ Ուկրաինային: Ռուսաստանն Ուկրաինայի հանդեպ չունի գործընկերային եւ հարգալից վերաբերմունք. «Այդ պատճառով եվրոպական վեկտորի օգտին որոշումը այլընտրանք չունի», ասել է նա:
Ժամանակին, 50 կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն ասել էր՝ «գիտեք հե՞շտ է Ռուսաստանի նախագահի հետ խոսելը»: Այն ժամանակ մամուլում տեղեկություն եղավ, որ Պուտինը հետխորհրդային երկրների ղեկավարների, այդ թվում Սերժ Սարգսյանի հետ խոսում է հայհոյանքներով:
Մոսկվայից վերադառնալով, Սերժ Սարգսյանը չի հայտարարել, թե իրեն ճնշել են կամ վիրավորել, ինչպես Յանուկովիչը: Ակնհայտ է, որ եթե հայտարարվի ճնշման մասին, Մաքսային միությանն անդամակցելու որոշումը կդառնա ոչ լեգիտիմ: Իրավական պրակտիկայում, բռնաճնշումներով ձեռք բերված տեղեկությունները հաշվի չեն առնվում:
Սերժ Սարգսյանը համարձակություն չունեցավ խոստովանել ճնշման եւ վիրավորանքների մասին, թեեւ վիրավորել են ոչ թե նրան, այլ Հայաստանին: Ասենք, սա նոր բան չէ. օրերս Ռուսաստանի նախագահի խորհրդական Գլազեւը հայտարարել է, որ իրենց համար միեւնույն է՝ Հայաստանը պետություն է թե մարզ, կարեւորը՝ որ այն Մաքսային միության անդամ է: Հայաստանն անվանել են թե ֆորպոստ, թե էքսկլավ, թե պետություն, որը կա Ռուսաստանի շնորհիվ, իսկ Կուրղինյանը նույնիսկ ասել էր, թե Հայաստանին ի՞նչ անկախություն:
Վիրավորանքն ու հայհոյանքը Ռուսաստանի քաղաքականության գլխավոր չափանիշն են՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին: Գողական հարաբերությունների համակարգում, որը դեռեւս իշխում է հետխորհրդային տարածքում, վիրավորանքը համարվում է նորմալ բան, եւ բուրգի ավելի ստորին աստիճանին գտնվողը պետք է տանի ցանկացած վիրավորանք:
Հայաստանին Մաքսային միություն հարկադրելով, Ռուսաստանը ցույց տվեց, որ Հայաստանը դեռեւս հետխորհրդային գողական բուրգում է: Իսկ Սերժ Սարգսյանն էլ գողական էթիկայից ելնելով չի «խոստովանի» վիրավորանքը:
Վիրավորանք ստացած նախագահը սեփական «զոնայում» վարում է նույնպիսի քաղաքականություն՝ «կազարմայի եւ դեդովշչինայի» օրենքներով: Պատահական չէ, որ Մաքսային միություն մտնելու որոշումից հետո ազատ արձակեցին Լիսկայի որդուն, սկսեցին ծեծել ակտիվիստներին եւ ամեն կերպ ցույց տալ, որ գողական նորմերը դեռ կան ու կլինեն:
Նաիրա Հայրումյան