www.lragir.am ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Դալիան քաղաքում հանդիպել է ՉԺՀ վարչապետ Լի Կեցիանին։

«Մենք պատրաստ ենք մեր քաղաքացիներին, որպես տուրիստներ ուղղորդել, որպեսզի նրանք այցելեն Հայաստան, ծանոթանան Ձեր երկրին: Աշխատանքներ կտարվեն չինական ներդրումները Հայաստանում ավելացնելու ուղղությամբ: Մենք նաև պատրաստ ենք Հայաստանից դեպի չինական շուկա ներմուծել տարբեր ապրանքներ։ Բացի Հայաստանում ներդրումներ անելուց, մենք ցանկանում ենք չինական շուկայում տեսնել հայկական կոնյակ, ոսկերչական իրեր և թանկարժեք քարեր։ Հայաստանն ու Չինաստանը բարեկամ երկրներ են, և մենք չափազանց ուրախ ենք, որ դուք այստեղ եք մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին՝ այսպես կոչված ամառային Դավոսին։ Հաշվի առնելով այս հանգամանքը, և ի նշան մեր երկրների ընկերական հարաբերությունների՝ մենք որոշում ենք կայացրել, Հայաստանի կառավարությանը լրացուցիչ հարյուր միլիոն յուանի (շուրջ 16 միլիոնի դոլար) անհատույց ֆինանսական օգնություն տրամադրել համատեղ ծրագրերի իրականացման համար։

Լեռնային Ղարաբաղի հարցում Չինաստանի դիրքորոշումն այն է, որ կողմերը կարողանան զսպված ձևով և բանակցություններով հասնեն լուծման և, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի»- նշել է Չինաստանի վարչապետը։

Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի Մաքսային միությանը միանալու որոշմանը։ Միաժամանակ վարչապետ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը ցանկություն ունի նաև դիտորդի կարգավիճակ ձեռք բերել համագործակցության Շանհայի կազմակերպությունում, և այս առումով Հայաստանին անհրաժեշտ կլինի Չինաստանի օժանդակությունը։ Լի Կեցիանը նշել է, որ Չինաստանը շատ լավ է հասկանում Հայաստանի ցանկությունը ակտիվ մասնակցել տարածրջանային գործընթացներին և Չինաստանը նույնպես տրամադրված է ակտիվ հարաբերություններ ունենալ Մաքսային միության հետ։ Չինաստանի վարչապետը նաև նշել է, որ Չինաստանը Շանհայի կազմակերպության իր գործընկերների հետ կքննարկի Հայաստանի դիտորդի կարգավիճակ ունենալու հարցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: