Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ֆրանսահայ ազգային-հասարակական գործիչ, հրապարակախոս, պատմաբան, բարերար Հովհաննես Չիլինկիրյանին, ում մեծ նվիրումի և տարիների ջանքերի շնորհիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրերս բացվել է հայ անվանի մտավորական, Մեծ եղեռնի նահատակ Ռուբեն Սևակի անվան թանգարանը:
Հանրապետության Նախագահը Հովհաննես Չիլինկիրյանին շնորհակալություն է հայտնել հայրենիքում նման կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, բարձր գնահատել նրա հայապահպանությանն ուղղված ջանքերը և պարգևատրել Հայաստանի Հանրապետության բարձր պարգևներից մեկով՝ Պատվո շքանշանով:
Ընդգծելով, որ Մայր Աթոռում մշակութային այդ հրաշալի կենտրոնի բացումը Հովհաննես Չիլինկիրյանի տարիներով փայփայած երազանքն էր՝ Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ բարերարի կողմից թանգարանին նվիրաբերված բացառիկ և արժեքավոր հավաքածուն, որը լավագույնս է բնութագրում իր ժողովրդի ծանր ճակատագիրը կիսած և իր հայրերի սրբազան հավատքի համար նահատակված մեծ մտավորականին՝ Ռուբեն Սևակին, անչափ օգտակար և հետաքրքիր կլինի թանգարանի բոլոր այցելուների համար:
Ազգային-հասարակական գործիչ, բարերար Հովհաննես Չիլինկիրյանը երախտագիտություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ նման բարձր պարգևի իրեն արժանացնելու, իսկ Վեհափառ Հայրապետին՝ շուրջ հիսուն տարիների իր մեծ երազանքը հայրենիքում իրականացնելու գործում ընդառաջելու և աջակցելու համար: