Էրեբունի և նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է կալանավայրից առանձնապես խոշոր չափերի գույքի՝ ավտոմեքենայի և գումարի հափշտակության գործի քննությունը:
Ըստ մեղադրանքի 31-ամյա Մարատ Սարգսյանը, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում 2012թ. հունիսին չարաշահելով Աշոտ Մանուկյանի վստահությունը, իր ծանոթուհի Լորա Մուրադյանի օժանդակությամբ, խաբեությամբ տիրացել է վերջինիս պատկանող առանձնապես խոշոր չափերի' 5 000 000 դրամ արժողության ավտոմեքենային:
Բացի դա Մ. Սարգսյանը չարաշահելով Աստղիկ Այվազյանի վստահությունը, խաբեությամբ տիրացել է վերջինիս խոշոր չափերի' 2 020200 դրամ գումարին:
Նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել նաև 29-ամյա Լորա Մուրադյանին, ով էլ իր հերթին 2012թ. հունիսին Մարատ Սարգսյանին օժանդակելով, խաբեությամբ տիրացել է Աշոտ Մանուկյանին պատկանող 5 000 000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենային:
Մարատ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասին 2-րդ կետով և 3-րդ մասին 1-ին կետով: Իսկ Լորա Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Դատապարտյալ Մարատ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել հասկանալի պատճառներով, իսկ Լորա Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գրում է «Փաստինֆո»-ն: