Այսօր տեղեկացանք, որ ապրիլի 9-ին՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից բռնության ենթարկված Արմեն Մարտիրոսյանի ծեծի գործը Հատուկ քննչական ծառայությունը կարճել է՝ իրավիճակի փոփոխման հետևանքով: Հետաքրքիր է՝ ինչպիսի իրավիճակ է փոխվել, որ օրը ցերեկով քաղաքի կենտրոնում անձի նկատմամբ կիրառված բռնությունն իրավական հետևանքներ չի ունենում:

 

Հարցի շուրջ Lurer.com-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, ով նշեց, որ ըստ իրեն ուղարկված գրության բովանդակության՝ ինքը մեղավոր է եղել, առաջինն է հարվածել ոստիկանին, ինչի հետ պարոն Մարտիրոսյանը, բնականաբար, համաձայն չէ, որովհետև կադրում հստակ երևում է իրադարձությունների հաջորդականությունը: «Նախ' երկու դրվագ է մի գործի մեջ՝ և´ առավոտվանը, և´ երկոյանը, երկուսում էլ ստացվում է, որ ես եմ մեղավոր եղել, եղել է հետընտրական թեժ իրավիճակ, ուստի' քանի որ այդ լարվածություն չկա, այդ կապակցությամբ իրավիճակ է փոխվել, գումարած այս ամենին, որ ոստիկանության ներկայացուցիչները դեմ չեն եղել գործը կարճելուն»:

 

«Ժառանգության» փոխնախագահին հարցրինք՝ ստացվում է, որ ըստ ՀՔԾ-ի' դո՞ւք եք մեղավոր միջադեպի համար, վերջինս պատասխանեց. «Այո´: Ես այդպես չեմ գտնում, բայց քանի որ Հայաստանում այդպես չգտնելու դեպքում ընթացակարգը արդարադատություն է ենթադրում, իսկ Հայաստանի արդարադատությանը ես չեմ հավատում' մի շարք հանգամանքներից ելնելով, մնում էր մի ճանապարհ, որ Եվրոպական դատարան դիմեմ, բայց այնտեղ էլ որ դիմեմ, վճիռը կայացվելու է ընդդեմ Հայաստանի Հանրապետության, որի համար մեր քաղաքացիները պետք է վճարեն: Միգուցե մինչև վճռի կայացումը՝ այդ տարիների ընթացքում ոստիկանները, կարող է, իսկապես հրեշտակներ դառնան, կարող է այլ իրավիճակ լինի, և այստեղ լրիվ ոստիկանապետություն լինի»:

 

«Ի վերջո, որևէ իրավական հետևանք այդ բռնության դեպքը պե՞տք է թողնի, թե՞ ոչ» հարցին Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ որքանով է ճիշտ, բայց ինձ հասած տեղեկություններով' այդ միջադեպից հետո երկու ոստիկան ազատվել է աշխատանքից: Չգիտեմ' ինչ հիմնավորմամբ են նրանք ազատվել, բայց այս իրավիճակում որոշեցի ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա: Քանի որ ինձ հետ կապված միջադեպից հետո են ազատվել աշխատանքից, ենթադրում եմ, որ այդ պաշտոնանկությունները կարող են կապ ունենալ իմ գործի հետ»:



Վարուժան Բաբաջանյան