Երեկ երեկոյան ժամը 10-ի մոտ քաղաքացիական հագուստով 4 անձինք, առանց ներկայանալու և որևէ պարզաբանման ձերբակալել են ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին, որին այսօր ՊՆ քննչական ծառայությունից տեղափոխել են «Էրեբունի» ՁՊՎ: Վոլոդյա Ավետիսյանը Ազատության հրապարակում նստացույց հայտարարած և ազատամարտիկների սոցիալական խնդիրներին լուծում պահանջող ազատամարտիկներից ' պահանջելով բարելավել ազատամարտիկների սոցիալական վիճակը: Ազատամարտիկը վերջին ամիսներին իրազեկող նստացույցեր էր անցկացնում նաև Հայաստանի մարզերում' ազատամարտիկներին համախմբվելու կոչեր անելով:

Lurer.com-ը փորձեց պարզաբանումներ ստանալ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի քարտուղար Արմեն Մալխասյանից: Մեր լրագրողի հարցին, թե ինչու են ձերբակալել ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին՝ լրատվության բաժնի քարտուղարը տվեց սպառիչ պատասխան. «Ո՞վ է ձերբակալել»:

Այնուամենայնիվ, լիովին չհուսակտրված լրագրողը փորձել է կրկնել հարցը. «Պարոն Մալխասյան, մենք էլ փորձում ենք Ձեզանից իմանալ, տեղեկություններ կան, որ երեկ առավոտյան չորս քաղաքացիական անձ բերման են ենթարկել ազատամարտիկին», ինչին ի պատասխան Մալխասյանն ասել է. «Մի տեղ էլ գրված է, որ ռազմական ոստիկաններն են ձերբակալել, զանգեք՝ իրենցից ճշտեք»:

Ռազմական ոստիկանությունից մեզ պատասխանեցին, որ իրենք լրատվության բաժին չունեն և չեն կարող տեղեկություններ տրամադրել:

 

Վարուժան Բաբաջանյան