Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը չի պլանավորում հանդիպում ունենալ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ. երեքշաբթի օրը Թեհրանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Մարզեհ Աֆղամը. տեղեկացնում է IRINN գործակալությունը:
Նշենք, որ ավելի վաղ Reuters-ը լուրեր էր տարածել այն մասին, թե Զարիֆի և Քերրիի միջև հանդիպումը կայանալու է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նիստերի դահլիճում: Աֆղամը նշել է, որ Իրանի արտգործնախարարն ու ԱՄՆ-ի պետքարտուղարը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում կհանդիպեն Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցային գործընթացի միջնորդ երկրների' «վեցնյակի» հանդիպման շրջանակներում:
Նրա խոսքերով'Իրանի և ԱՄՆ-ի նախագահների միջև ևս հանդիպում չի պլանավորվում:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր պատվիրակության հետ սեպտեմբերի 24-ին ժամանել է Նյու Յորք' մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանին:
Նախագահի ելույթը պլանավորվում է չորեքշաբթի օրը: