Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ելույթի ժամանակ ռուս պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը. գրում է ИТАр-ТАСС-ը' հղում կատարելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին:
Ռուս պատվիրակությունը նման քայլով ցանկացել է իր բողոքը հայտնել այն գնահատականներին, որոնք իր ելույթում Ասամբլեայի ամբիոնից տվել է Սաակաշվիլին. ասում է պատվիրակության անդամներից մեկը:
Սաակաշվիլիի ելույթի տեքստը անգլերեն լեզվով հրապարակված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում: Վրաստանի նախագահը իր ելույթում մեղադրել է Ռուսաստանին հետխորհրդային պետություններում ուժեղ կառավարությունների' իշխանության գալը խոչընդոտելու մեջ, որը հանգեցրել է Եվրոպայի հետ մերձեցման և ժողովրդավարական զարգացման դանդաղեցմանը այդ երկրներում: Սաակաշվիլին որպես օրինակ է բերել ոչ միայն Վրաստանը, այլև Մոլդովան և Ուկրաինան:
Սաակաշվիլին նաև սուր քննադատության է ենթարկել Եվրասիական միության գաղափարը, որը 2011թ. առաջարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ Սաակաշվիլիի' Եվրասիական միությունը լրիվ հակասում է Եվրամիությանը և ուղղված է վերականգնելու խորհրդային կայսրությունը: Սաակաշվիլիի գնահատմամբ' Եվրասիական միությանը լիակատար տապալում է սպասում:
Վրաստանի նախագահն իր ելույթում հատկապես ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի ներքին խնդիրներին, որոնց թվում' կոռուպցիան, դատական արդարության բացակայումը, տնտեսության լճացումը, ինչպես նաև մի շարք շրջանների դիսկրիմինացիան, ինչպիսին է օրինակ Կովկասը:
Սաակաշվիլին նաև հերթական անգամ հայտարարել է, որ Ռուսաստանը մեղավոր է Հարավային Օսիայում և Աբխազիայում զինված կոնֆլիկտ ձևավորելու համար: