Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին առաջին անգամ չէ, որ միջամտում է Հայաստանի խնդիրներին: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նիստի ամբիոնից Միխեիլ Սաակաշվիլիի ելույթին, որտեղ նա անդրադարձել էր նաև Հայաստանին՝ Երևան-Բաքու հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության համատեքստում:
«Առաջին հերթին դա իր գործը չէ, իսկ հետո Սաակաշվիլիից դեռ ոչ մի անգամ որևէ նորմալ մեկնաբանություն չի եղել: Լավ է անում, ելույթ է ունենում, իր իրավունքն է, բայց իր գործն է խոսել Վրաստանի խնդիրների մասին, այլ ոչ թե գնա օրինակներ բերի այլ երկրներից: Սա ես որակում եմ որպես քաղաքական և մարդկային սխալ»,- ասաց նա:
Ըստ քաղաքագետի՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է քաղաքակիրթ ձևով նկատողություն անի Վրաստանի նախագահին, քանի որ արդեն մի քանի անգամ է Սաակաշվիլին իր խնդիրները լուծում է Հայաստանի հարցերին միջամտելով:
«Տանը զրկված լինելով իշխանությունից՝ ինքն իրեն աշխարհում փորձում է ներկայացնել որպես աշխարհաքաղաքական գործիչ կամ առնվազն Անդրկովկասի առաջնորդ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ իր ելույթում Միխեիլ Սաակաշվիլին ասել էր, թե «Հայաստանն անկյուն է քշվել, Մոլդովան շրջափակման է ենթարկվել, Ուկրաինան հարձակման տակ է, Ադրբեջանն արտասովոր ճնշման է ենթարկվում, իսկ Վրաստանն օկուպացված է»: Եվ սրա պատճառն այն է, որ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել կայսրության երբեմնի սահմանները: «Դուք կարծում եք, թե Վլադիմիր Պուտինն ուզո՞ւմ է, որ Հայաստանը վճռական հաղթանակ տանի Ադրբեջանի նկատմամբ: Ո՛չ: Դա Հայաստանին չափազանց ուժեղ և պոտենցիալ առումով չափազանց անկախ կդարձներ»,– ասել էր նա:
Լևոն Մելիք-Շահնազարյանը հակադարձելով Սաակաշվիլիի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը Հայաստանին անկյուն է քշել, ասաց, որ իրականում ճիշտ հակառակն է:
«Սեպտեմբերի 3-ից սկսված այս գործընթացում (ՀՀ նախագահի որոշումը Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու մասին - Tert.am) Հայաստանը, եթե չասեմ թելադրողն է, ապա հավասար գործընկերոջ դերում է: Բայց ինչ-որ չափով կարելի է համաձայնել նրա այն կարծիքի հետ, որ Ռուսաստանը թույլ չի տա Հայաստանին վճռական հաղթանակ տանել Ադրբեջանի նկատմամբ և հակառակը»,– ասաց նա:
«Մեր և Ադրբեջանի լարված հարաբերությունները որոշ չափով հարմար են որոշ երրորդ պետություններին, գուցե նաև Ռուսաստանին, որովհետև քանի դեռ չկա խաղաղություն հաստատված տարածաշրջանում, աշխարհաքաղաքական տարբեր ուժեր հնարավորություն են ստանում մասնակցել տարվող քաղաքական գործընթացներին»,-ասաց նա:
Այս տեսակետը Tert.am-ի հետ զրույցում կիսեց նաև քաղաքագետ մանվել Սարգսյանը: «Կոնֆլիկտները նրա համար են, որ ազդեցության լծակ ստեղծեն»,- ասաց նա:
Ընդհանուր առմամբ խոսելով Միխեիլ Սաակաշվիլիի ելույթի մասին, քաղաքագետը նշեց, որ զարմանալի որևէ բան չկար և որ միջազգային քաղաքականության մեջ ընդհանրապես երկրներ կան, որոնք փորձում են Եվրոպայում ու Եվրոպայի շուրջ առկա բոլոր խնդիրները կապել Ռուսաստանի հետ:
«Սա կոնցեպտ է, որը բավականին տարածված է: Ռուսաստանում էլ սրա հակառակ կոնցեպտն է գործում՝ իրենց դարդ ու ցավերը կապում են Եվրոպայի ու Արևմուտքի հետ: Այդ կոնցեպտը շարունակում են տարբեր երկրներ: Իրականության մեջ շատ ավելի բարդ է աշխարհի վիճակը, ավելի մեծ խնդիրներ կան, որ չի քննարկվում»,- ասաց նա:
Ըստ Մանվել Սարգսյանի՝ պարզունակ կլիներ մտածել, որ «հին կայսրությունը ցանկանում է վերականգնել իր անցյալի սահմանները», ինչպես դա ասել էր Վրաստանի նախագահը, քանի որ Ռուսաստանը իր խնդիրները հիմնականում տեսնում է ԱՄՆ-ի հետ հարաբերություներում: Ինչ վերաբերում է Հայաստանին անկյուն քշելուն, ապա քաղաքագետը ասաց, որ Հայաստանը ինքը պետք է ունենա իր կոնցեպտները:
«Եթե տեսակետ չունի ու փորձում է օգտվել միջազգային այս կամ այն թոհուբոհից, այսօր մի անկյուն կքշեն, վաղը՝ մեկ ուրիշ: Հայաստանում ե՞րբ են հստակ ներկայացրել երկրի առջև ծառացած խնդիրները, որ կարողանան սեփական որոշում ընդունեն: Չկա նման բան, դրա համար էլ միշտ նայում են աջ ու ձախ, ու որ պահին գործող իշխանություններին ձեռնտու տարբերակ է լինում, այդ որոշումն են ընդունում»,– ասաց քաղաքագետը: