Սեպտեմբերի 25-ին, ժամը 11.00-ին, 52-ամյա մի կին ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, «Հեռուստաաշտարակի» հարևանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ երթուղային տաքսուց իջել են երկու անծանոթ տղամարդիկ, իսկ ինքը նույն երթուղայինով երթևեկելիս՝ քիչ անց հայտնաբերել է, որ իր պայուսակից բացակայում է դրամապանակը, որի մեջ եղել է 200 ԱՄՆ դոլար, 44 հազար դրամ, 5 եվրո և 10 լարի:

Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում՝ գողություն կատարելու կասկածանքով, ժամը 11.30-ին նշված վայրից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկվել 1963 թ. ծնված Ռուբեն Բ.-ն՝ «Գազան» մականունով, և նույն թվականին ծնված Սամվել Մ.-ն: Նրանք խոստովանել են, որ կնոջ պայուսակից իրենք են գողացել դրամապանակը:

Սամվել Մ.-ի մոտից հայտնաբերվել է դրամապանակը՝ գումարներով:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին: