«Իրավունք» թերթը գրում է, որ «Աբովյան» ՔԿՀ-ում այսօրվա դրությամբ պահվում են 200 կանայք, որոնցից 146-ը դատապարտյալներ են, իսկ մնացածի գործերը դեռևս նախաքննական փուլում են:

 

Թղթակիցը զրուցել է դատապարտված մի քանի կանաց հետ, որի ժամանակ նրանք հիմնականում ասել են, որ զղջում են իրենց արածի համար: Նրանցից ոմանք պատմել են, թե ինչպես են հայտնվել դատապարտյալի կարգավիճակում:

 

Դատապարտված կանանցից մեկը, ով դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածով՝ մարդու թրաֆիքինգ կամ շահագործում, պատմել է, որ իր հորաքրոջ աղջիկը մարզից եկել և ապրելիս է եղել իր տանը և, ինչպես նա է ներկայացնում, ձրիակերի նման «նստել իր վզին»: Ի վերջո դատապարտյալ Աննան (անունը փոխված է) իր բարեկամուհուն առաջարկել է առևտրով զբաղվել՝ ասելով. «Համ իմ մոտ էդքան անաշխատանք մնալուդ հախը կհանես, համ էլ քեզ լավություն կլինի»: Սակայն ամիսներ անց, երբ նա տեսնում է, որ բարեկամուհին ոչ ապրանքն է հետ բերում, ոչ էլ՝ գումարը, ասել է, որ նա մարմինը ծախի ու իր գումարը հետ տա:

 

«Ու էդպես հորաքրոջս աղջիկը շուրջ 7 ամիս իմ թելադրանքով, չնայած ինքն էլ այնպես չէր, որ դեմ էր ընկնում, մարմնավաճառությամբ էր զբաղվում Երևանի փողոցներում: Ու ի վերջո գումարի կեսը փակեց, որ բռնել չտար, էն կեսն էլ կփակեր»:

 

Թղթակցի հարցին, թե արդյոք իրեն մեղավոր ճանաչու՞մ է, Աննան պատասխանել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում միայն այն մասով, որ ինքը բարեկամուհուն չի զրկել ազատ տեղաշարժի իրավունքից, չի խոշտանգել, ինչպես նա է ասել:

 

Իսկ այն հարցին, թե զղջում է արածի համար, Աննան ասել է, որ չորս պատերի մեջ հասկացել է, որ կարևորը փողը չէ, այլ նեղն ընկած հարազատին օգնել կարողանալը, իսկ ինքը հակառակն է արել:

 

Մի այլ դատապարտյալ երիտասարդ աղջիկ էլ՝ Կարինեն, թղթակցին պատմել է, որ 18 տարեկանում գժի նման սիրահարվել է ու մտածել, որ տղան նույնպես սիրում է իրեն: Սակայն, ինչպես ներկայացրել է դատապարտյալը, հետագայում հասկացել է, որ նրան միայն իր կուսությունն է պետք:

 

«Նրա վերաբերմունքը իմ հանդեպ մի քանի օրվա մեջ լրիվ փոխվեց, ասում էր. «Ինչ ես քեզ էրեխու պես պահում, ասում ես՝ սիրում ես, դե ապացուցի՝ ոնց ես սիրում, սիրելը հո մենակ բառերով չի՞»: Ու էդ դաժան օրը... այլասերվածի նման էր խոսում, հայհոյում, ինձանից պահանջում էր այն, ինչը չէի կարող անել, բայց նա դա իմ կամքին հակառակ արեց ու ինձ այդ վիճակում թողնելով՝ ուզում էր գնալ»,- պատմել է Կարինեն:
Այդ ամենից հետո Կարինեն, ինչպես ինքն է ասում, չհասկանալով, թե ինչ է անում, բենզին է լցրել տղայի վրա ու այրել: Տղան՝ Արմանը, ամբողջությամբ այրվել էր:

 

Առավել մանրամասն «Իրավունք» թերթի այսօրվա համարում: