Ազգային ժողովն այսօր սկսեց քառօրյա նիստի աշխատանքը: Գրանցված պատգամավորների թիվը 111 է:

 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցով դիմեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

 

Փաշինյանի խոսքերով՝ նախորդ քառօրյայում արձանագրվել են ՀՀ Սահմանադրության մի շարք խախտումներ:

 

«Մասնավորապես' արդարադատության խորհրդի անդամի ընտրության ժամանակ պարզվեց, որ խախտվել է ՀՀ սահմանդարության 117-րդ հոդվածի 10-րդ մասը, ըստ որի' թափուր մնալուց հետո ԱԺ-ն պետք է 3 ամսվա ընթացքում ընտրեր արդարադատության խորհիդի անդամ, մինչդեռ այդ պաշտոնը տարիներով թափուր էր մնացել, ապա ընտրվել է մի մարդ, ով Սահմանադրությամբ իրավունք չուներ ընտրվելու այդ պաշտոնում: Այնուհետև տեղի ունեցավ 80-րդ հոդվածի խախտում, երբ վարչապետը հարց ու պատասխանի ժամանակ ներկա չէր, մինչդեռ Սահմանադրությամբ պարտավոր էր ներկա լինել, և ահա այսօր, իրադարձությունների բերումով, կարծես թե արձանագրելու ենք հերթական խախտումը:

 

ՀՀ դատախազության մասին օրենքի 5-րդ հոդվածի համաձայն' ՀՀ Գլխավոր դատախազն ամեն տարի պարտավոր է ՀՀ ԱԺ ներկայացնել դատախազության գործունեության տարեկան հաշվետվությունը:

 

Այս վերջին' ավելի քան 1 տարում, ինչ այստեղ ներկա ենք, նման բան տեղի չի ունեցել: Կարո՞ղ եք ասել' վերջին անգամ ե՞րբ է Գլխավոր դատախազը ԱԺ հաղորդում ներկայացրել, և եթե եղել են տարիներ, որ չի ներկայացվել,, ո՞րն է դրա պատճառը, և արդյոք այս տարի մենք լսելո՞ւ ենք Գլխավոր դատախազի հաղորդումը»,-հարցրեց Փաշինյանը:

 

Վերջինիս ի պատասխան' Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ես համամիտ չեմ ձեր կարծիքի հետ, որ Սահմանդրությունն է խախտվել. դա ուղղակի ձեր տեսակետն է, բազմաթիվ իրավաբանների հետ խոսել ենք, դա միանշանակ սահմանադրության խախտում չէ։ Ինչ վերաբերում է դատախազի հաշվետվությանը, ես դիմել եմ հարցի վերաբերյալ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Հարությունյանին։ Այս հարցն ինձ էլ է հետաքրքրում, և ես համամիտ եմ իրականում, որ գլխավոր դատախազը, որը նշանակվում է ԱԺ-ի կողմից անպայման հաշվետվություն ներկայացնի տարեկան մեկ անգամ, բայց քանի որ կանոնակարգ օրենքում դա հստակ չի ձևակերպված, խնդրել եմ, որ այդ ձևակերպմանը տան հստակություն, և անպայման ես կողմնակից եմ և ամեն ինչ անելու եմ, որ նա ներկայացնի հաշվետվություն Ազգային ժողովին»: