ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԳՆ հուշամեդալով է պարգևատրել Իրանում Հայաստանի առաջին դեսպան, ականավոր արևելագետ և պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Բայբուրդյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Շնորհավորելով և բարձր գնահատելով վաստակաշատ դիվանագետի, գիտնականի և կեսդարյա փորձ ունեցող մանկավարժի գործունեությունը' նախարար Նալբանդյանը նշել է. «Ձեր տարիների կուտակած փորձառությունը և գիտելիքները Դուք այսօր էլ շարունակում եք ծառայեցնել Հայրենիքին՝ բարձրակարգ արևելագետներ և միջազգայնագետներ պատրաստելով։ Դուք, որպես Թեհրանում ՀՀ առաջին դեսպան, կարևոր ներդում եք ունեցել հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում»։

Շնորհակալություն հայտնելով իր գործունեության բարձր գնահատականի և պարգևատրման համար՝ Վահան Բայբուրդյանը նշել է, որ այսուհետ ևս շարունակելու է իր ներդրումը բերել Հայաստանում գիտության զարգացմանը, Հայաստանի դիվանագիտական ծառայության համար նոր կադրերի պատրաստման գործում։