Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայից դեպի Մոլդովական փողոց ընթանալիս խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի վայր ժամանած 1-03 շտապօգնության բրիգադը 15 րոպե զննելով վրաերթի ենթարկվածին՝ չէր կողմնորոշվում. տղամարդը, ով կլիներ մոտ 30 տարեկան, կենդանի է՞, թե՞ մահացել է, և միայն 15 րոպե անց նրան տեղափոխեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոցում հրաժարվել են մահացածի դին ընդունել՝ արդարացիորեն պատճառաբանելով, որ մահացածին չպետք է տեղափոխեին դեպքի վայրից, մինչև չժամանեին ոստիկանության օպերատիվ քննչական խումբը, ճանապարհային ոստիկանությունը և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները և դատական բժիշկը: Այս պահին հիվանդանոց են մեկնել Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը, իսկ դեպքի վայրում են գտնվում Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը և ՃՏՀ քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը:

 

Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ վրաերթը կատարվել է Jeep մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից, ու այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել մահացածի և վրաերթը կատարած վարորդի ինքնությունը և տրանսպորտային միջոցը: Վրաերթի վայրում աշխատում է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: 

 

 

 

shamshyan.com