Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, ահասարսուռ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզկենտրոն Վանաձորում: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի Բանգլադեշ կոչվող թաղամաս տանող ճանապարհին: Նախնական տեղեկություններով, ամուսինը, վիճաբանելով կնոջ հետ, չկարողանալով տիրապետել իրեն, հենց փողոցում դանակի մի քանի հարված է հասցրել կնոջ դեմքի և թևի հատվածում, այնուհետ կտրել պարանոցը՝ հարվածներ հասցնելով վզի հատվածում:
Կնոջը հաջողվել է դուրս պրծնել ամուսնու ձեռքից, փախչել մի քանի մետր՝ դեպի քաղաքի կենտրոնական հատված: Այնուհետ մտել է մոտակա խանութներից մեկի նկուղային հարկում գործող հացի արտադրամաս, որտեղ հասցրել է միայն օգնություն խնդրել արտադրամասի աշխատակիցներից և ուշաթափվել է:
Ականատեսների կանչով ժամանած շտապ բուժօգնության մեքենան արնաշաղախ կնոջը տեղափոխել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ և այս պահին կնոջը վիրահատում են: Ամուսնու գտնվելու վայրի և այլ տվյալների մասին մանրամասներ դեռևս չկա:
Շուշաննա Գրիգորյան